Բաժիններ՝

Փաստաբանները պահանջում են անհապաղ տրամադրել «Հարսնաքարի» գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը

Հայտարարություն

27.07.2012թ. ոստիկանությունն իր պաշտոնական կայքում (www.police.am) տարածել էր հաղորդագրություն’ «Անհրաժեշտ պարզաբանում» վերտառությամբ: Ամենևին նպատակ չունենալով ներքաշվել որևէ վիճաբանության մեջ, սակայն, միաժամանակ, գիտակցելով իրավունքի’ քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված համընընդհանուր սկզբունքների կարևորությունը’ ամրագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին հռչակագրով, Սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսգրքով, ելնելով հանրային գերակա շահի հրամայականից, պարտադրված ենք բացահայտել վերջերս շրջանառվող հայտնի դեպքերի զարգացման իրական ընթացքը և ժամանակագրությունը’ տալով պատշաճ հիմնավորումներ և, որ ամենակարևորն է, կանխարգելելու փաստերի և իրավական դրույթների հետագա հնարավոր խեղաթյուրումները: Այսպես, 10.07.2012թ. մենք՝ փաստաբաններ Լուսինե Հակոբյանս և Տիգրան Եգորյանս, Վահե Ավետյանի հայր Գառնիկ Ավետյանից ստանալով համապատասխան լիազորագրեր և ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածով, հենց հաջորդ օրը, 11.07.2012թ., ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության գրասենյակ ենք մուտքագրել դիմում՝ Գառնիկ Ավետյանին տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդ ճանաչելու խնդրանքով: Ներկայացվել է համապատասխան դիմում և մեր լիազորությունը հավաստող լիազորագրեր’ ստորագրված Գառնիկ Ավետյանի կողմից: Ուստի’ այդ պահից ի վեր առկա էր տուժողի մերձավոր ազգականի ցանկությունը՝ իրեն իրավահաջորդ ճանաչելու մասին, և վարույթն իրականացնող մարմնին ոչինչ չէր խանգարում հնարավորինս արագ համապատասխան որոշում ընդունել: Սակայն վերջինս գերադասել է այլ գործելաոճ:18.07.2012թ. չստանալով որևէ արձագանք’ մենք հեռախոսով կապվեցինք քննչական խմբի ղեկավար, քննիչ՝ Ռուբեն Մկրտչյանի հետ ով հայտնեց, որ մեզ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչելու համար իրեն անհրաժեշտ է դիմում Գառնիկ Ավետյանից: Տեղեկացրեցինք, որ մեր ներկայացրածը հենց այդ դիմումն է, իսկ մեզ գործին մասնակից դարձնելու վերաբերյալ դիմումը կներկայացնենք Գառնիկ Ավետյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելուց հետո: Քննիչ Ռ. Մկրտչյանը պատասխանեց, որ ընդունում է Տ. Եգորյանի տեսակետը, բայց իրենք այդպես չեն անում և պահանջեց, որ հենց Գառնիկ Ավետյանը դիմում ներկայացնի, ինչին մենք պատասխանեցինք, որ ներկայացված դիմումը հենց Գառնիկ Ավետյանի կողմից մեզ տրված հանձնարարության արդյունքն է, և այն պետք է դիտարկել որպես Գ. Ավետյանի կողմից ներկայացված դիմում: Բավական երկար բանավիճելուց հետո մենք խնդրեցինք դիմումին գրավոր պատասխանել: Չստանալով պատասխան’ 19.07.2012թ. համապատասխան բողոք ներկայացրեցինք գլխավոր դատախազություն՝ պահաջելով սահմանել վերահսկողություն վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ’ ապահովելու օրինականությունը և բացառելու քննություն իրականացնող մարմնի կամայականությունը: 20.07.2012թ. մեզ զանգահարեց Ռ. Մկրտչյանը և հետաքրքրվեց, թե արդյոք բերելու ենք Գ. Ավետյանի ձեռքով գրված դիմումը՝ իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին, ինչին մենք պատասխանեցինք, որ սպասում ենք հուլիսի 11-ին ներկայացված դիմումի պատասխանին: Մոտ 5 րոպե անց մեզ զանգահարեց Ռ. Մկրտչյանի վերադաս բաժնի պետ Ա. Այվազյանը, որը մեզ մեղադրեց գործընթացը ձգձգելու մեջ: Ի պատասխան’ մենք հետաքրքրվեցինք, թե ինչն է նրանց խանգարում Գառնիկ Ավետյանին, ըստ իր լիազոր ներկայացուցիչների ներկայացրած դիմումի, ճանաչել տուժողի իրավահաջորդ: Ա. Այվազյանը պատասխանեց, որ այդ դեպքում իրենք գիտեն թե ում և ինչ պատասխանել: 23.07.2012թ. քննիչ Ռ. Մկրտչյանը զանգահարել է Գառնիկ Ավետյանին և հայտնել, որ պատրաստվում է նրան ճանաչել տուժողի իրավահաջորդ հուլիսի 24-ին, սակայն նշված օրը նա այդպես էլ տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել: 25.07.2012թ. քննիչ Ռ. Մկրտչյանը զանգահարել է Գառնիկ Ավետյանին և հայտնել, որ նա կարող է ներկայանալ քննչական գլխավոր վարչություն ժամը 17:45: Գառնիկ Ավետյանը, մեր ուղեկցությամբ, ներկայացել է վարչություն ժամը 18:00-ին և փորձել կապվել քննիչ Ռ. Մկրտչյանի հետ, սակայն վերջինս տևական ժամանակ չի պատասխանել մեր՝ փաստաբաններիս և Գառնիկ Ավետյանի հեռախոսազանգերին: Հերթապահ մասում ոստիկանը զանգահարել է ինչ-որ տեղ, խոսել հեռախոսով և հայտնել, որ քննիչ Ռ. Մկրտչյանը տեղում չէ, ինչից հետո քննիչ Ռ. Մկրտչյանին զանգահարել եմ Լ. Հակոբյանս, և քննիչը վերջապես պատասխանել է հեռախոսազանգին: Լուսինե Հակոբյանս հայտնել եմ, որ մենք սպասում ենք մուտքի մոտ: Քննիչ Ռ. Մկրտչյանը պատասխանել է, որ Գառնիկ Ավետյանի համար անցագիր կպատվիրի, իսկ մեզ առաջարկել է սպասել դրսում: Մենք հայտնել ենք քննիչ Ռ. Մկրտչյանին, որ մեր վստահորդը ցանկանում է մտնել շենք միայն մեր ուղեկցությամբ, սակայն Մկրտչյանը պատասխանել է. «թող Ավետյանը բարձրանա, կքննարկենք»: Ժամանակ չձգելու նպատակով մենք բացատրել ենք Գառնիկ Ավետյանին, որ նա կարող է բարձրանալ և պահանջել ապահովել իր փաստաբանների ներկայությունը: Գառնիկ Ավետյանի շենք մտնելուց 2 ժամ հետո նոր մեզ հրավիրել են քննիչի աշխատասենյակ, որտեղ մենք ներկա ենք գտնվել Գառնիկ Ավետյանի ցուցմունք տալու գործողությանը: Հարկ է ավելացնել նաև, որ նույն ամսի 25-ին մենք ստացել էինք 11.07.2012թ. մուտքագրված դիմումին քննիչի գրավոր պատասխանը, որում ուղղակի գրավոր շարադրված էին քննիչի նույն պնդումները: Անհասկանալի էր, թե ինչ անհրաժեշտություն կար կազմելու և ուղարկելու այդ գրությունն առհասարակ, երբ վաղուց բաց էին թողնվել դիմումին արձագանքելու ժամկետները, իսկ հուլիսի 23-ին, երբ ուղարկվել էր քննիչի պատասխան գրությունը, Գառնիկ Ավետյանն արդեն հրավիրվել էր քննչական գլխավոր վարչություն իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու հարցով: Բացի այդ, 25.07.2012թ.-ին ներկայացրել ենք միջնորդություն՝ գործի նյութերին ծանոթանալու և համապատասխան փաստաթղթերի պատճենները ստանալու վերաբերյալ: Քննիչ Ռ. Մկրտչյանը, ծանոթանալով դիմումին պատասխանել է, որ հաջորդ օրը ժամը 14:00-ին կհատկացնի հայցվող պատճենները, սակայն նշված օրը, հուլիսի 26-ին, քննիչ Մկրտչյանը նորից չէր պատասխանում ոչ՛ մեր զանգերին և ոչ՛ էլ հաղորդագրություններին, իսկ հուլիսի 27-ին ի պատասխան հերթական զանգին հայտնեց, որ ներկայացված միջնորդությանը կպատասխանի գրավոր և պահանջեց այսուհետ իր հետ շփվել միայն գրագրության միջոցով: Առ այսօր այդ փաստաթղթերը չեն տրամադրվում հակառակ օրենքի պահանջի: Քրեական դատավարության պահանջների համաձայն’ պատճառաբանված որոշում է կայացվում միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու դեպքում, իսկ բավարարելու պարագայում վարույթն իրականացնող մարմինը հատկացնում է թույլատրելի նյութերի պատճենները կամ հնարավորություն ընձեռում ծանոթանալու դրանց, ինչի վերաբերյալ կազմում է արձանագրություն: Այժմ անհասկանալի է, թե ինչն է ստիպել քննիչ Ռ. Մկրտչյանին հրաժարվել ի կատար ածելու իր’ որպես պաշտոնատար անձի կողմից արդեն իսկ բանավոր կարգով բավարարված միջնորդությունը: Ինչն է նրան ստիպել որոշել տալ դրան գրավոր պատասխան՝ ևս մի քանի օրով հետաձգելով փաստաթղթերին’ մեր ծանոթանալու գործընթացը: Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ փաստաբանները չեն կարող հանդես գալ միջնորդությամբ մինչև սահմանված կարգով դատավարական կարգավիճակի հաստատումը, ապա այն ևս տարակուսանք է առաջացնում, քանի որ մենք չէինք ներկայացրել որևէ միջնորդություն: Չտրվելով քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ վերաբերելի և ոչ վերաբերելի հոդվածներին հղումներ կատարելով երկարաշունչ հայտարարությունների գործելաոճի գայթակղությանը’ ցանկանում ենք հանրությանը առավել հանրամատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել հետևյալ պարզ իրողությունները: Կյանքի իրավունքը Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով երաշխավորված իրավունք է, ինչով պարտավորված պետությունը, տվյալ դեպքում ի դեմս նախաքննության մարմնի, պարտավոր է ապահովել, մասնավորապես սպանությունների դեպքում, արդյունավետ քննություն: Ինչպես հայտնի է նույն իրավական փաստաթղթերի բովանդակությունից, ինչպես նաեւ միջազգային դատական ատյանների նախադեպային իրավունքից, կյանքի իրավունքի խախտման գործերով արդյունավետ քննության բաղադրիչ է հանդիսանում նաև տուժողին’ օրենքով նախատեսված սահմաններում դատավարությանը մասնակից դարձնելու իրավական հնարավորությունը: Այսինքն, գործը քննող քննիչը կամ քննչական խումբը սույն քրեական գործի հարուցման պահից ի վեր ուղղակի պարտավոր էր տուժողի իրավահաջորդ ներգրավել սույն գործում: Ոստիկանությունը ոչ միայն այս հրամայականից շարունակաբար խուսափում էր, այլ տևական ժամանակ նույնիսկ մեր դիմումը ստանալուց հետո իր գործելաոճն արդարացնելու նպատակով սկսեց դիմել բազմաթիվ հոդվածների մեջբերմամբ Գառնիկ Ավետյանի կողմից համապատասխան դիմում չներկայացնելուն: Այսինքն, ստացվում է, որ ոստիկանությունը տեղյակ չէր, որ մահացած սպայի մերձավոր հարազատը ցանկանում էր ներգրավել գործում: Այդ դեպքում որն էր պատճառը, որ անմիջապես չարձագանքեց մեր դիմումին. եթե դա Գառնիկ Ավետյանի անունից գործելու դատավարական լիազորություն չունեցող անձանց կողմից էր ներկայացված, ինչպես սխալմամբ պնդում է ոստիկանությունը, ապա դրանով առնվազն հստակորեն արտահայտված էր սպայի հոր’ դատավարական գործողություններին մասնակից դառնալու կամաարտահայտությունը լիազորագրի ձևով: Սպանված սպայի կյանքի իրավունքի խախտման դեպքի քննության նկատմամբ նախանձախնդրություն դրսևորող ցանկացած կառույց ուղղակի անմիջապես պետք է արձագանքի նման կամարտահայտությանը’ բոլոր հնարավոր պայմաններն ապահովելով Գառնիկ Ավետյանին օր առաջ դատավարական կարգավիճակով օժտելով’ նաև քննության արդյունավետության և հանրային վստահության բարձրացման նպատակներ ունենալով: Այնինչ, պետական կարևոր այս մարմնի պատասխանից ոչ այլ ինչ, քան «դուք մեզ չասեք, թե մենք ինչ անենք» հասկանալ հնարավոր չէ: Ի պատասխան ոստիկանության մեջբերած բազմաթիվ դատավարական հոդվածների’ պետք է նկատել, որ ոստիկանությունն առհասարակ չի ընկալել, որ դրանք միայն ու միայն կոչված են վերը նշված իրավական հրամայականի պահանջը ապահովելու, այլ ոչ տնային աշխատանքը չկատարած դպրոցականի նման արդարանալու համար: Ի՞նչն ըստ էության փորձում քողարկել ոստիկանությունը:

• Այն, որ անձին կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ հասցվել է 17.06.2012թ.-ին, մինչդեռ նրա հայրը տուժողի իրավահաջորդ է ճանաչվել միայն 25.07.2012թ.-ին,

• Այն, որ ողջ այս ընթացքում քննչական մարմինը գործը գնդակի նման այս ու այն կողմ ուղարկելով (սկզբից ՊՆ քննչական ստորաբաժանում, իսկ հետո նույն ստորաբաժանումից’ ՔԳՎ) խիստ զբաղված լինելով, 29.06.2012թ.-ից մի քանի րոպե ժամանակ չէր ունեցել Գառնիկ Ավետյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու համար,

Կարդացեք նաև

• Որ գործի քննության վրա ջանքեր և ռեսուրս ծախսելու փոխարեն’ նստած երկարաշունչ հայտարարություններ է հրապարակում, որոնք լի են հեգնական և արհամարհական ոճական դարձվածքներով, • Մի քանի օր շարունակ, մեր միջնորդությամբ խնդրված գործի նյութերի պատճեններ տրամադրելու փոխարեն’ քրեական դատավարության օրենսգրքի իմացության ցուցադրական PR շոուներ կազմակերպելով’ չմոռանալով նաև իրենց գործելաոճի նկատմամբ քննադատական վերաբերմունք ունեցող լրատվամիջոցներին էլ պատասխանելու ոստիկանականության դիրքին անհարիր գնահատականներով: Ի վերջո նման պատասխաններից հայտնի էլ չէ, թե ինչ կապ ունի Հանրապետության ոստիկանությունը քննչական համակարգի հետ, եթե այդ գործառույթն անկախ է ոստիկանական գործառույթից: Նախաքննության մարմնի պատասխան գործողություններից և հայտարարությունից պարզ է դառնում, որ քրեական դատավարության օրենսգրքի բազում հոդվածներին հղումներով ցանկացել է ընդհամենը քողարկել իր գործողությունների ընթացքում տուժողի իրավահաջորդի իրավունքների շարունական խախտումները: Հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով մեր՝ արդյունավետ քննություն ապահովելու պահանջի նման անտեսումն անհամատեղելի է ոստիկանության բարձր մակարդակով բազմիցս հնչեցված’ գործի հրապարակային քննություն ապահովելու հավաստիացումների հետ: Հայտնում ենք, որ որևէ պարագայում չենք հրաժարվելու սույն գործով բաց և հրապարակային գործելու մեր մտադրությունից և նույնն էլ խորհուրդ ենք տալիս ոստիկանությանը: Որպես առաջին քայլ’ պահանջում ենք անհապաղ մեզ տրամադրել սույն գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը, որոնց քրեական դատավարության օրենսգրքի ուժով մենք ունենք ծանոթանալու իրավունք:

Փաստաբաններ՝
Տիգրան Եգորյան
Լուսինե Հակոբյան

Hetq.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս