Միստր X-ը չի ամուսնանո՞ւմ

Արթուր Հակոբյանը, նույն ինքը` Միստր X-ն ամռան ընթացքում զբաղվում է իր հայալեզու չորրորդ ձայնասկավառակի երգերի ընտրությամբ, գործիքավորմամբ ու ձայնագրություններով, ընթացքում նաև հասցնում է հանգստանալ ու մասնակցել համերգների: Այսօր երեկոյան էլ երգիչը ելույթ է ունենալու Ջերմուկում` ՖԻԴԵ կանանց շախմատի Գրան պրի մրցաշարի փակման արարողության ժամանակ

Երգիչը,  որը նախորդ տարի է նշանադրվել, դեռ չի ամուսնացել, իր փոխանցմամբ` այս տարի հարսանիք չի պլանավորել, փոխարենը նախատեսում է մինչ տարեվերջ ներկայանալ մենահամերգներով, նոր ձայնասկավառակով ու տեսահոլովակով. «Տեսահոլովակ նկարելու համար ուզում ենք հասնել Դուբայ կամ Շրի Լանկա, ամեն ինչ կախված է ֆինանսից ու ժամանակից: Իսկ ձայնասկավառակի համար ընտրել եմ հայ հեղինակների երգեր, այդ թվում` 5-6 երգ իմ գրածներից: Սկզբում հայկական շուկայի համար հայերեն լեզվով կլինի, հետո բոլոր երգերը անգլերեն տարբերակով կթողարկվեն արտերկրի շուկայի համար»,- ասում է նա:

Արթուրը CD-ում նաևընդգրկելու է Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի ստեղծագործություններից մեկը. «Հիացած եմ նրա ներքին հոգևոր հարստությամբ ու տաղանդով. տարբեր ժանրերի երգեր է գրում: Այժմ աշխատում ենք իր գրած երգի վրա, որը կանվանենք «Վերջին կամ հրաժեշտի տանգո»»:

Երգիչը դեռ չգիտի` իր որ անվամբ կներկայացնի ձայնասկավառակը. «Այդ հարցում կողմնորոշվելու համար ինձ կօգնեն իմիջմեյքերները: Հաճախ ինձ հիշում են որպես Միստր X, կարծում եմ` բեմական անունս միշտ էլ կմնա ինձ հետ: Եթե մեծ շոու-համերգ անեմ, երևի նորից դիմակով բեմ դուրս կգամ, ինչպես ինձ ընդունել է հանդիսատեսը»,- ասում է երգիչը:

Նրա կարծիքով` ձայնասկավառակ ունենալը երգչի համար կարևոր է, այն հիմնականում լավ է վաճառվում շնորհանդեսի և համերգների ժամանակ. «Եթե համերգիդ նոր երգեր ես ներկայացնում, հանդիսատեսն ուզում է այդ երգերն ունենալ: Ոչ բոլորն են գնում տուն ու համացանցով ներբեռնում, մանավանդ մեծ տարիքի մարդիկ: Նրանց համար ավելի հեշտ է վճարել ձայանսկավառակի համար ու միանգամից բոլոր երգերը լսել»:

Կարդացեք նաև

Ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում նշել է երգիչը, ինքը հաճախ է համերգներով մեկնում արտերկիր, աշխատանքային օրակարգում արդեն պլանավորված մի քանի համերգ ունի. դեկտեմբերի 2-ին նախատեսված է մենահամերգ Լոս Անջելեսում, մինչ այդ էլ նոյեմբերին համերգներով կմեկնի Կանադա` Տորոնտո. «Ամերիկյան համերգին այստեղից մեծ նվագախումբ է գալու ինձ հետ, կենդանի հնչողությամբ մեծ համերգ կլինի: Եթե հասցնեմ մինչ մեկնելս` հոկտեմբերին, Երևանում փոքրիկ համերգ կկազմակերպեմ, որ նախորդ տարիների մենահամերգներիս ավադույթը պահպանեմ»:

Երգիչը հաճախ է ելույթ ունենում հատկապես Կանադայում իր երաժիշտ ընկերոջ` Արամիկ Մուսախանյանի հրավերով. «Շատ նախաձեռնող է, կազմակերպչական հարցերով նա է զբաղվում, միևնույն ժամանակ կիթառահար է և Կանադայում այլազգի երաժիշտների հետ խումբ ունի: Այնտեղ մասնակցում եմ շատ տարբեր համերգների, միջոցառումների ու բարեգործական ակցիաների»,- ասում է Միստր X-ը:

Զբաղված լինելով ձայնասկավառակի աշխատանքներով`Միստր X-ը երկար ժամանակով չի մեկնի հանգստի. «Գնում եմ բնության գրկում մեկ օրով հանգտանում ու վերադառնում եմ, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել, պետք է մինչ համերգներս ձայնագրվեմ երգերը, որ նաև կազմակերպվի շնորհանդեսը»,- ասում է նա:

Bravo.am

Տեսանյութեր

Լրահոս