Բաժիններ՝

Վարչապետն այցելել է Ավանի աղի կոմբինատ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր  այցելել է  «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ՝ ծանոթանալու աղի արտադրության բարելավման և նորացման նպատակով ընկերության կողմից կատարվող ներդրումային ծրագրերին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը: Տ. Սարգսյանին ուղեկցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, մի խումբ պատգամավորներ և գործարարներ:

«Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը «Էքստրա» տեսակի բարձրորակ կերակրի աղի արտադրության հարստացուցիչ ֆաբրիկան շահագործման է հանձնվել 1969թ. և արտադրանքի որակն ու մրցունակությունը պահպանելու համար արդեն  արտադրությունն արդիականացնելու, աշխարհում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներով հագեցնելու կարիք է զգացվում։ Այդ պատճառով «Ավանի աղի կոմբինատ»-ը համագործակցություն է սկսել աղի գոլորշիացման և բյուրեղացման տեխնոլոգիաներում մասնագիտացած առաջատար շվեյցարական «SEP»  ընկերության հետ, որին պատվիրել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, էներգակիրների  զգալի տնտեսմամբ նոր գործարանի կառուցման նախագիծ։

«Էքստրա» տեսակի բարձրորակ կերակրի աղը ստացվում է աղաջրից` վակում-գոլորշիացման եղանակով, ինչի պատճառով ընկերությունը համագործակցություն է սկսել նաև ստորգետնյա հորերի ինժեներա-երկրաբանական նախագծային հեղինակավոր գերմանական «DEEP» ընկերության հետ, որին էլ պատվիրել է աղի արտադրության համար հումք հանդիսացող աղաջրի արտադրության և մաքրման նախագիծ։

Վերոնշյալ նախագծերի իրականացման համար կպահանջվի 3-4 տարի, իսկ   ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի մոտ 10 մլն եվրո, ինչն էլ երաշխիք կհանդիսանա Հայաստանի Հանրապետությանը՝ մոտակա 50 տարիների ընթացքում հայրենական արտադրության բարձրորակ և մրցունակ աղով ապահովելու, ինչպես նաև արտահանման ծավալները զգալիորեն ավելացնելու համար։

Կարդացեք նաև


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս