«InRock»-ում հիշել են Ջոն Լորդին

Հուլիսի 16-ին 71 տարեկանում կյանքից հեռացավ «Deep Purple» խմբի հիմնադիր, կոմպոզիտոր և ստեղնաշարային գործիքներ նվագող Ջոն Լորդը: Լեգենդար երաժշտի երևանցի երկրպագուները Բրիտանական դեսպանատան մոտ մոմավառություն կազմակերպեցին, երեկ էլ` հուլիսի 26-ին, հավաքվել էին «InRock» նորաբաց ակումբում` հիշելու սիրելի Ջոն Լորդին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ռոք ասոցիացիայի հետ ակումբի պայմանավորվածության համաձայն՝  «InRock»-ում  նշվելու են  հայտնի երաժիշտների ծննդյան օրերը, ռոքի պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած ձայնասկավառակների թողարկման տարեդարձները:

«Որոշեցինք, որ պետք է անպայման այս մեծ երաժշտի հիշատակին նվիրված երեկո կազմակերպենք: Ի դեպ, Հայաստանում բավական շատ են «Deep Purple» խմբի և մասնավորապես Ջոն Լորդի երկրպագուները»,- նշել է  ակումբի հիմնադիր Սպարտակ Սեյրանյանը:

Երեկոյի ընթացքում մասնակիցները հիշել են Ջոն Լորդի կատակներից, մտքերից, դիտել են նրա՝ տարբեր տարիների ելույթները թե «Deep Purple» խմբի կազմում, եւ թե որպես դասական երաժիշտ:

Կարդացեք նաև

Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը և «Մեդիամաքս»  ինտերնետ հոլդինգի տնօրեն Արա Թադևոսյանը:

«“Չեմ ուզում առանձնացնել Ջոն Լորդին, կասեմ, որ «Deep Purple» խումբն անասելի մեծ ազդեցություն է ունեցել իմ կայացման հարցում: Այս խումբը հիշեցնում է ինքս ինձ այն շրջանում, երբ բացահայտում էի ազատությունն ու անկախ անձնավորություն էի դառնում: Հետաքրքիր տարիներ էին: Այսօր այստեղ նստած եմ հայերի հետ ու վայելում եմ «Deep Purple» խմբի համերգը: Կարելի է ասել մեկ բան` երաժշտությունը միավորում է: Այն համամարդկային մի լեզու է, որի համար կարեւոր չէ ազգությունը»,- ասել է Ջոնաթան Ջեյմս Էյվսը:

Դեսպանը, հիշելով իր ռոքային անցյալը, BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ երաժշտություն է լսում հիմա. «Առաջին մեծ ռոք-համերգները, որոնց ներկա եմ եղել, «Led Zeppelin» և «Deep Purple» խմբերի ելույթներն էին: Բայց հետո եկավ փանք-ռոքի ժամանակը, ու ես հետաքրքրվեցի երաժշտական այդ ուղղությամբ: Շատ եմ սիրում երաժշտություն լսել, դա իմ կյանքի անփոխարինելի մասն է կազմում: Հիմա տարբեր տեսակի երաժշտություն եմ լսում: Հետաքրքրված եմ սոուլ, փանք և սևական երաժշտությամբ’»:

«InRock»-ի հիմնադիր Սպարտակ Սեյրանյանը տեղեկացրել է, որ ակումբում կայանալիք միջոցառումների թվում ամենասպասվածը տեղի կունենա օգոստոսի 19-ին. նշվելու է Իէն Գիլանի ծննդյան տարեդարձը:

Bravo.am

Տեսանյութեր

Լրահոս