«Հայերի կամավոր արտահոսքը պետք է ուղղել Հայաստան»

«Նախևառաջ` հայերի կամավոր արտահոսքը, որը քաղաքացիական պատերազմի պայմաններում արագանալու է, պետք է ուղղել Հայաստան բոլոր միջոցներով` ստեղծելով համահայկական նախաձեռնություններ, և կազմակերպել հայրենադարձությունը: Այսինքն` սա պիտի դառնա խնդիր, որը պետք է լուծվի: Երկրորդը` միջազգային մարմիններում, որոնց մենք անդամակցում ենք` ՄԱԿ, փախստականների գծով ՄԱԿ-ի հանձնակատար և այլն, որտեղ տեղի են ունենում Սիրիայի վերաբերյալ քննարկումներ, Հայաստանը պետք է դառնա ամենակարևոր խաղացողներից մեկը: Այսպիսով, դրված են Հայաստանի միջազգային ակտիվացման և հայության ինքնակազմակերպման խնդիրները»,- 168.am-ի հետ զրույցում` ի պատասխան հարցին, թե ի՞նչ ուղենիշեր է «Սարդարապատ» շարժումն առաջարկում Հայաստանի արտաքին քաղաքականությանը կոնկրետ Սիրիայի հարցում, ասաց այդ շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը: Իսկ ի՞նչ ռեսուրսներ ունի Հայաստանը, որոնց մասին  ինքը, ինչպես նաև «Սարդապատի» անդամներ Ժ.Սէֆիլյանը և Հ.Մեսրոբյանը խոսում էին ուրբաթ օրը կայացած ասուլիսում: «Հայաստանի միջազգային ռեսուրսները և հայության համաշխարհային ռեսուրսները: Ասել, որ մենք ռեսուրս չունենք, երբ  մեր վերնախավն ապրում է շվայտության մեջ, սխալ կլինի»: «Սակայն Դուք, այնուամենայնիվ, չասացիք, թե կոնկրետ ինչպիսի՞ դիրքորոշում պետք է գրավի ՀՀ-ն` տարածաշրջանային ակտիվ խաղացող դառնալու համար». մեր դիտարկմանն  ի պատասխան` Չուգասզյանը նշեց. «Հայաստանի իշխանությունները պետք է զգուշացնեն քաղաքացիական բախման բոլոր կողմերին, որ հայության շահերի պաշտպանը Սիրիայի ներսում Հայաստանի Հանրապետությունն է, և եթե որևիցե կողմ վտանգի հայության շահերը, ապա ՀՀ-ն  համապատասխան միջոցներ կձեռնարկի: Եթե ՌԴ արտգործնախարար Լավրովը, ինչպես և մյուս գերտերությունների ղեկավարները, հանդիպում են և սիրիական ընդդիմության ներկայացուցիչների, և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ներկայացուցիչների հետ, ապա մեր Հանրապետությունն էլ պետք է զգուշացնի հակամարտող բոլոր կողմերին, որ հայության շահերը վտանգող որևիցե գործողություն չպետք է կատարվի»:

Ինչ վերաբերում է «Արմավիա» ավիաընկերության կողմից Հալեպ-Երևան ավիատոմսերի գների բարձրացմանը, ապա, ըստ նրա`««Արմավիայի» վարքն ուղղակի բացահայտում է, որ մեկ տարվա ընթացքում բոլոր այն ծրագրերը` «Արի տուն», «Հայկական աշխարհ», փուչիկների նման պայթում են»: «Քանի որ հենց կոնկրետ անվտանգության խնդիր է առաջանում, պետք է որոշակի գործողություն ձեռնարկել կյանքի անվտանգությունն ապահովելու, Հայաստանը ոչինչ չի ձեռնարկում: Եթե մարդիկ անգամ ժամանակավորապես ուզում են տեղափոխվել Հայաստան, ՀՀ կառավարությունը ոչ թե մեկ տարի պետք է սպասեր, որպեսզի հանրային ճնշումներ սկսվեին, աղմուկ-աղաղակ բարձրանար, այլ ինքը պետք է լիներ նախաձեռնողն այն փոփոխությունների, որոնք մենք միայն երեկ տեսանք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին «Արմավիա» ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ պատրաստ է գրեթե  անվճար ավիատոմսերով բացել  շաբաթական 2-րդ  չվերթը դեպի Սիրիա` ՀՀ կառավարության և  Սփյուռքի նախարարության աջակցությամբ:


Տեսանյութեր

Լրահոս