Բաժիններ՝

«Դուք նրան փոխանցեք, որ նրան պետք է ուղարկել հոգեկան հիվանդանոց»

Օրեր առաջ «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը հայտարարել էր, թե իրենք խիստ դեմ են այն օրինագծին, համաձայն որի աղջիկների ամուսնական տարիքը նախկին 17-ի փոխարեն սահմանվում է 18-ը:  Նա ասել էր.  «Եզդիների համար 18 տարեկան աղջիկն արդեն «պառավ» է և ուզող չունի»: Ի պատասխան Ազիզ Թամոյանի այս հայտարարությանը, «Սինջար» եզդիների ազգային միավորում հ/կ-ի ղեկավար Բորիս Թամոյանն այսօր  հայտարարել է, թե ոչ ոք, այդ թվում` «իրեն եզդիների նախագահ հռչակած Ազիզ Թամոյանը, իրավունք չունի եզդի ազգի անունից անիմաստ հայտարարություններ անել»:

Եզդիների Facebook-յան էջերից մեկում վերոհիշյալ հայտարարության տակ բուռն քննարկումներ են տեղի ունենում, որտեղ բավական կոշտ համեմատություններ կան Ազիզ Թամոյանի վերաբերյալ:

168-am-ի հետ զրույցում Ազիզ Թամոյանը «Սինջար» եզդիների ազգային միավորում հ/կ-ի տարածած հայտարարության վերաբերյալ ասաց. «Այո, ճիշտ եմ ասել, 18 տարեկան աղջիկներն արդեն պառավ են: Դա աբսուրդ է: Տղաներն ուշ են ամուսնանում, կլինի 16, 17 թե 18 տարեկան, ես դրան դեմ չեմ, բայց աղջիկները` սովորաբար 16 տարեկանից ոչ ուշ: Մեզ մոտ ընդունված է 15-16 տարեկան աղջիկների ամուսնությունը: Այդպես է եղել ազգային տեսանկյունը, ոչինչ չի փոխվելու: Միայն այդ մարդիկ կարող է վաղը-մյուս օրը քրեորեն պատժվեն, թե ինչի համար են ամուսնացել»: 168.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիքի է «Սինջար» հասարակական կազմակերպության հայտարարության մասին, որն, ըստ էության, նվիրված է հենց իրեն, Ա. Թամոյանը պատասխանեց. «Այդտեղ մի տղա կա, ով հոգեկան հիվանդ է: Դուք նրան փոխանցեք, որ նրան պետք է ուղարկել հոգեկան հիվանդանոց»: 168.am-ի հաջորդ  հարցին` Դուք Ձեզ համարո՞ւմ եք աշխարհի եզդիների առաջնորդ, ինչը կասկածի տակ էր դրել «Սինջար» եզդիների ազգային միավորումը, Ազիզ Թամոյանը պատասխանեց. «Համագումարն է որոշել: Մենք փաստաթղթեր ունենք: Դա իմ ասելով չի: Դա հաստատել է Հայաստանի Արդարադատության նախարարությունը: Ես եմ կազմել փաստաթուղթը, ներկայացրել եմ նախարարություն: Համագումար է տեղի ունեցել, որտեղ եզդիներն իրենց կարծիքն են  ասել:  Եզդիները  եկել են արտասահմանից, տարբեր երկրներից` մասնակցելու համագումարին, և ինձ նախագահ են ընտրել»:

 

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս