Գեղամ Ղարիբջանյանն ուզում է վերադառնալ Ազգային ժողով

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ով փետրվար ամսին նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան, 168.am-ի տեղեկություններով` ակտիվ աշխատանքներ է տանում ԱԺ վերադառնալու համար: Մեր աղբյուրների փոխանցմամբ Ղարիբջանյանը գրեթե ամենօրյա «ռեժիմով» տեղեկություններ է հավաքում ԱԺ անցուդարձի վերաբերյալ իր մտերիմ շրջանակներին տեղեկացնելով, որ անպայման վերադառնալու է ԱԺ` իր նախկին աշխատանքին: ԱԺ վերադառնալու նրա ցանկությունը պայմանավորված է ոչ միայն խորհրդարանական աշխատանքի հանդեպ սիրով, այլ նաև  Գեղամ Ղարիբջանյանի մտահոգությամբ:

Նա խիստ անհանգստացած է ԱԺ-ում ստուգումների իրականացման հնարավորությամբ, քանի որ դրանք  իր համար շատ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ: Մեր տեղեկություններով` Բյուրականի իր առանձնատունը վերակառուցելու համար Գեղամ Ղարիբջանյանը ոչ թե բանվորներ է վարձել, այլ այնտեղ աշխատելու է տարել ԱԺ բանվորներին և բակապաններին: Նույնիսկ նրանց Բյուրական է տեղափոխել ոչ թե սեփական ծախսերով, այլ դարձյալ ԱԺ-ի հաշվին. մեքենաների բենզինը ԱԺ պահեստից է լիցքավորել: Ավելին` ԱԺ տարածքը կանաչապատելու համար գնված ծաղիկների մեծ մասը, նույն աղբյուրի փոխանցմամբ` Գ. Ղարիբջանյանը տեղափոխել է իր առանձնատան այգի: Շատերը նույնիսկ վստահեցնում են, որ այցելելով Ղարիբջանյանի Բյուրականի առանձնատուն, այնտեղ կարելի է «հայտնաբերել» ԱԺ-ից դուրս գրված ամբողջ գույքը, որը ոչ թե ԱԺ պահեստ է տեղափոխվել, այլ Ղարիբջանյանի առանձնատուն:

Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է առաջիկայում աշխատանքից հեռացնել ԱԺ ավտոպարկի տնօրենին, ով բավականաչափ ինֆորմացված է, թե ինչպես և ուր է «անհետացել» ԱԺ-ին հատկացված բենզինը: Հիշեցնենք, որ Գեղամ Ղարիբջանյանն ու ԱԺ աշխատակազմի նրա թիմակիցներն իրենց բուռն գործունեությունը  ծավալել են հենց այն տարիներին, երբ ԱԺ նախագահ էր Հովիկ Աբրահամյանը:

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս