Բանկերն ու ՓՄՁ ոլորտը
Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 2011-2012 ֆինանսական տարում Հայաստանում մասնավոր սեկտորի զարգացման համար ռեկորդային $80 մլն է ներդրել: Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, IFC-ն ներդրումներ է կատարել 6 ծրագրում, որոնք օգնել են տեղական բանկերին` ընդլայնել վարկավորումը փոքր ձեռնարկությունների և գյուղատնտեսական ընկերությունների համար:
Որքանո՞վ են բանկերն աջակցում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը Հայաստանում, և որքանո՞վ է ՓՄՁ ոլորտի համար կարևոր բանկերի աջակցությունը, մասնավորապես, մատչելի վարկավորման տեսանկյունից:
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում այս հարցի վերաբերյալ ասաց. «Զարգացած երկրներում ՓՄՁ ոլորտը չի կարող զարգանալ և ֆինանսավորվել միայն բանկերի կողմից: Բանկերի կողմից ֆինանսավորումը կազմում է շատ չնչին տոկոս։ Դա հիմնականում արվում է այլընտրանքային ֆինանսավորման ճանապարհներով` ֆինանսական հաստատությունների, վենչուրային կազմակերպությունների միջոցով, ռիսկային կապիտալով հիմնադրամներն են, որոնք նպաստում են փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը։ Հատկապես այն բիզնեսներին, որոնք հիմնված են նորարարության, դեռևս չփորձարկված ապրանքների և ծառայությունների ներդրման վրա: Այս պահի դրությամբ Հայաստանը դեռևս չունի այլընտրանքային ֆինանսավորման համակարգեր: Դա համարվում է տնտեսության թույլ կողմերից: Խոսքը գնում է արժեթղթերի շուկայի, կապիտալի շուկայի գործիքերի և համակարգերի մասին»:
Նույն հարցն ուղղեցինք նաև ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանին։ «Իշխանություններն են ասում, որ ամեն ինչ անում են, որ բանկերին ֆինանսավորեն, սակայն բանկերն այդ առումով ավելի զուսպ են: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե իշխանական համակարգը կարգավորվի: Մասնավորապես` օլիգարխները վերանան, դատական համակարգը դառնա դատական համակարգ: Որպես կանոն, բանկերը պետք է բանկային օրենքներին համապատասխան աշխատեն՝ դիվերսիֆիկացիայի օրենքով: Կենտրոնական բանկն է հաստատում բանկերի գործունեության կանոնակարգը: Որպես կանոն, ճիշտ տարբերակն այն է, որ գումարները մասնատեն մի քանի հոգու միջև։ Սակայն գործնականում բանկերը նախընտրում են վարկ տրամադրել մեկ խոշոր վարկառուին և դրանով եկամտաբերության բոլոր հարցերը լուծել: Այսինքն` տնային տնտեսուհիների ոսկե կանոնը` «բոլոր ձվերը մեկ զամբյուղում չպահել», չի վերաբերում մեր բանկային համակարգին»,- ասաց Բ. Ասատրյանը: