Այլընտրանքս այլընտրանքիդ վնաս չի….

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն օգոստոսի 6-ից կաշխատի ԿԳ նախարարության Կրթության ազգային ինստիտուտում` որպես փոխտնօրեն: Այդ տեղեկությունը Aravot.am-ի հետ զրույցում հաստատել է անձամբ տիկին Բախշյանը` ասելով, որ որպես կրթության ոլորտի մարդ, խնդիրներին քաջածանոթ գործիչ` գնում է այդ խնդիրները լուծելու: Իհարկե, շատ ուրախալի է, որ կրթության ոլորտում երկարամյա փորձ ունեցող, մշտապես ակտիվ ու իսկապես պրոֆեսիոնալ Անահիտ Բախշյանն իր գիտելիքները ծառայեցնելու է այդ բնագավառի խնդիրների լուծմանը: Զուտ մարդկայնորեն ևս դրական է, որ Անահիտ Բախշյանը զբաղեցնելու է այդ պաշտոնը, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչպես վարվեց նրա հետ սեփական կուսակցությունը` ԱԺ ընտրությունների ժամանակ նրա անունը գրելով ցուցակի տակավին ոչ անցողիկ հորիզոնականում: Սակայն, եթե վերանանք մարդկայնորեն դրական ֆոնից, դժվար է չտարակուսել այս քայլի քաղաքական ասպեկտի վերաբերյալ: Տիկին Բախշյանն ընդդիմադիր կամ որպես այդպիսին ներկայացող կուսակցության անդամ է, բավական ակտիվ անդամ: Նրա կուսակցությունը դեմ է քվեարկել կառավարության ծրագրին, ժամանակ առ ժամանակ ավելի կամ պակաս չափով քննադատում է իշխանություններին… Հիմա տիկին Բախշյանը գնում է նույն այդ կառավարության կազմում գտնվող կառույցներից մեկում ղեկավար պաշտոն զբաղեցնելու: Սա շատ նման է Րաֆֆի Հովհաննիսյանի հեղհեղուկ մոտեցումներին, երբ նա որևէ հարցի վերաբերյալ այդպես էլ չի կարողանում հստակ դիրքորոշում արտահայտել: Հիմա, փաստորեն, «Ժառանգությունն» ընդդիմադիր է, իսկ առանձին վերցրած մեկ ժառանգական ԿԳ նախարարությունում «Նոր Հայաստան» է կերտելու: Ի դեպ, այս նշանակումն ուշագրավ է նաև «Ժառանգություն»-«Բարգավաճ Հայաստան» վերջին «հակամարտության» ֆոնին: «Ժառանգությունը», ինչպես հայտնի է, ԲՀԿ-ին մեղադրում է ընդդիմություն չլինելու մեջ, վերջինս էլ ժառանգականներին որակում է` որպես իշխանությունների կողմից կառավարվող ուժ: Տվյալ դեպքում խնդիրն այն չէ, թե այս ուժերից որն է իրավացի մյուսի հասցեին հնչող գնահատականներում: Խնդիրն այն է, որ «Ժառանգությունը», փաստորեն, գնում է այն ճանապարհով, ինչի համար մեղադրում է ԲՀԿ-ին:

Ի դեպ, վերջին օրերին «Ժառանգության» մեկ այլ ակտիվ անդամ` ԲՀԿ-ին մինչև վերջերս խստորեն քննադատող Ստեփան Սաֆարյանը, շարունակ կոչ է անում վերջ տակ միջկուսակցական հակամարտությանը, անգամ իրենց ուղղված բարգավաճական մեղադրանքներին պատասխանում է նախանձելի հանդուրժողականությամբ: Գուցե պատճառն այն է, որ Ս. Սաֆարյանն այդպիսով «Ժառանգությանն» ու Անահիտ Բախշյանին ապահովագրո՞ւմ է սպասվելիք որակումներից` ԲՀԿ-ին հեռակա հասկացնելով` «մեր փոխտնօրենը ձեր նախարարին վնաս չի…»:

 

Տեսանյութեր

Լրահոս