Սթինգը Ռուսաստանին մեղադրել է երաժիշտների ձերբակալության համար
Հանրահայտ բրիտանացի երգիչ Սթինգը իր աջակցությունն է հայտնել Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը՝ և Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել կալանքից ազատել Pussy Riot պանկ խմբի կանանց, որոնք մեղադրվում են Մոսկվայի Սուրբ Փրկչի տաճարում սկանդալային խուլիգանության համար: Այս մասին գրված է Amnesty International-ի կայքում:
«Սարսափելի է, որ Pussy Riot-ի երաժիշտներին սպառնում է մինչև 7 տարի բանտարկություն: Այլախոհությունը ցանկացած ժողովրդավարության օրինական ու անբաժանելի մասն է, և ժամանակակից քաղաքական գործիչները պետք է ընդունեն այդ փաստը և դրան հանդուրժողաբար մոտենան: Չափի զգացումը, ինչպեսև հումորի զգացումը դրանք ուժի, այլ ոչ թե թուլության արտահայտություն են: «Ես համոզված եմ, որ ռուսական իշխանությունները լիովին կհանեն այդ կանանց վրայից բոլոր շինծու մեղադրանքները և հնարավորություն կտան այդ արտիստուհիներին վերադառնալ իրենց տները, իրենց երեխաների մոտ», ասել է Սթինգը, որն ի դեպ այսօր համերգով հանդես է գալու Մոսկվայում: Նշենք, որ համաշխարհային հռչակ ունեցող երգիչներից միայն Սթինգը չէ, որ իր աջակցությունն է հայտնել ձերբակալված կանանց: Նրանց հասցեագրված աջակցությամբ հանդես է եկել նաև Red Hot Chili Peppers խումբը, որի մենակատարը Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում բեմ է դուրս եկել Pussy Riot գրությամբ շապիկով:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 21-ին Pussy Riot խումբը Մոսկվայի Սուրբ Փրկչի տաճարում պանկ-աղոթք է արել՝ «Սուրբ Տիրամայր, վռնդիր Պուտինին» երգի կատարմամբ, որի մեջ անպարկեշտ արտահայտություններ և քննադատություններ էին հնչել Ռուսաստանի ներկայիս նախագահի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հասցեին: Ավելի ուշ ձերբակալվել էին խմբի անդամներ Նադեժդա Տալակոննիկովան, Եկատերինա Սամուցևիչը և Մարիա Ալյոխինան: