
Ռուսաստանից փոխանցվող դրամական տրանսֆերտները կնվազե՞ն

Այսօր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է, որ եվրոգոտու հարկային և բանկային ճգնաժամն ավելի մեծ ազդեցություն կարող է թողնել Ռուսաստանի տնտեսության վրա` հումքային ռեսուրսների գների նվազման պատճառով: Ըստ «The Wall Street Journal»-ի` ՎԶԵԲ-ից ներդրումներ ներգրավող տնտեսությունների վերաբերյալ այդ կառույցի վերջին զեկույցի համաձայն, շարունակվող ճգնաժամի ազդեցությունը կտարածվի դեպի Արևելք և Ռուսաստան: «Բացասական ազդակները կհասնեն Արևելք և Ռուսաստան երկու հիմնական ուղիներով` հումանյութերի ցածր գները և ռիսկի դիմելու պատրաստակամության անկումը»,- ասել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Պիրոսկա Նադը: ՎԶԵԲ-ի մայիսյան կանխատեսման համաձայն, Ռուսաստանի տնտեսական աճն այս տարի պետք է կազմեր 4.2 %, իսկ 2013 թվականին` 4.3 %: Վերջին հաշվետվության մեջ, սակայն, այդ ցուցանիշները նվազեցվել են` կազմելով համապատասխանաբար` 3.1 % և 3.3 %: «ՎԶԵԲ-ի կանխատեսումները հիմնվում են այն ենթադրության վրա, որ եվրոգոտու ճգնաժամը կշարունակվի և չի հաղթահարվի առաջիկա ժամանակաշրջանում, իսկ այնպիսի հիմնական տնտեսությունները, ինչպիսին են Իտալիան և Իսպանիան, կկորցնեն արժեթղթերի միջազգային շուկաներում գործառնություններ կատարելու հնարավորությունը, ինչն էլ իր հերթին` կհանգեցնի մի շարք խոշոր բանկերի սնանկացման»,- գրում է «The Wall Street Journal»-ը: ՎԶԵԲ-ը նախազգուշացրել է նաև, որ եթե ճգնաժամը խորանա, Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումներն ավելի կնվազեցվեն: Եվրոպական բանկի այդ նախազգուշացման համար հիմք է հանդիսացել Moddy’s գործակալության վերջին զեկույցը, ըստ որի` առաջիկա 10-12 ամիսներին Ռուսաստանի տնտեսությունը կարող է անկում ապրել մինչև 5 %, իսկ ռուսական ռուբլին կարող է արժեզրկվել մինչև 30 %: