Հայաստանում տեղի կունենա ԱՊՀ երկրների աշակերտների աստղագիտության օլիմպիադա
Հայաստանում սեպտեմբերի 17-23-ը տեղի կունենա ԱՊՀ երկրների աշակերտների աստղագիտության օլիմպիադա: Այն նվիրված է լինելու Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակին: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը: Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրների օլիմպիադա անցկացվում է, սակայն այս տարի իրենք հայտ են ներկայացրել և թույլտվություն ստացել, որպեսզի օլիմպիադան անցկացվի Հայաստանում:
«Օլիմպիադան կանցկացվի մեր դպրոցի բազայի հիման վրա, բնականաբար, օգտագործելով նաև Բյուրականի աստղադիտարանի հնարավորությունները»,- ասաց Հ. Նավասարդյանը: Ըստ նրա` միջազգային ժյուրին հայտերը կընդունի մինչև սեպտեմբերի 15-ը: Հ. Նավասարդյանն ասում է, որ արդեն իսկ արձագանքներ կան մի քանի երկրներից, այդ թվում` Ղազախստանից, Ռուսաստանի մի քանի քաղաքներից:
Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշանավոր անձանց տարեդարձների թվում իր 2012թ. ցանկում ընդգրկել է նաև Անանիա Շիրակացու 1400-ամյակը (այդ ցանկում են նաև Մեսրոպ Մաշտոցի` 1650 և Սայաթ-Նովայի 300-ամյակները):