Բիզնեսի գրանցումն այսօրվանից անվճար է
Կազմակերպությունների պետական գրանցումը և անհատ ձեռնարկատերերի հաշվառումն այս տարվա հուլիսի 25-ից կատարվելու է անվճար: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ նման քայլերով կառավարությունը պարզեցնում և բարելավում է բիզնես սկսելու գործընթացը` հիշեցնելով, որ արդեն ներդրվել է իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի հաշվառման էլեկտրոնային համակարգը (www.e-register.am):
Ի՞նչ է սա տալու Հայաստանին և, մասնավորապես, Հայաստանի տնտեսությանը։ Նախկինում արդեն մեկ անգամ գրել ենք, որ գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրումն ըստ էության որևէ կերպ չի ազդել նոր ընկերությունների քանակի ավելացման վրա։ Պատճառն այն է, որ Հայաստանում բիզնես սկսելն ավելի հեշտ է, քան այդ բիզնեսը շարունակելն ու առավելևս` փակելը։
Փոխարենը` այս քայլը կբարելավի Հայաստանի ցուցանիշը մեր իշխանությունների ամենասիրելի զեկույցներից մեկում` Doing Business-ում։ Հիշեցնենք, որ 2012թ. զեկույցում Հայաստանն առաջադիմել է 6 տեղով և բիզնեսով զբաղվելու դյուրինության տեսակետից աշխարհում զբաղեցնում է 55-րդ տեղը։
Գնահատման համար օգտագործվում են 10 չափանիշներ, այդ թվում` բիզնես սկսելու դյուրինության չափանիշը։ Նախորդ տարվա զեկույցի համեմատ, այս չափանիշով Հայաստանն առաջադիմել էր 10 հորիզոնականով և այժմ իր`10-րդ տեղը կիսում է Սաուդյան Արաբիայի հետ (տարածաշրջանում այս ցուցանիշով մեզանից առաջ է միայն Վրաստանը` 7-րդ տեղ)։ Դա պայմանավորված էր հենց այն նորամուծությամբ, որ այժմ հնարավոր է օնլայն բիզնես գրանցել` առանց այցելելու մի քանի տարբեր գերատեսչություններ։ Գրանցումն անվճար դարձնելը, ամենայն հավանականությամբ, մեր դիրքը զգալիորեն կբարելավի։
Մյուս կողմից, ընդհանուր առմամբ, Doing Business-ի կողմից օգտագործվող 10 չափանիշներից 6-ի դեպքում Հայաստանը նահանջ էր ապրել։