SEEMO. Ռուսաստանը «թաքուն կառավարում է» ԽՍՀՄ երկրները

Մամուլի միջազգային ինստիտուտի (IPI) գործընկեր` «Հարավ-Արևելյան Եվրոպայի մեդիակազմակերպություն» (SEEMO) կոչվող  ոչ կառավարական կազմակերպությունը մտահոգ է նախկին խորհրդային հանրապետություններում լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումներով: «The Guardian»-ի իր բլոգում կազմակերպության ներկայացուցիչ Ռոյ Գրիսլեյդը գրում է.

«Խոսքի ազատության առումով խայտառակ վիճակ է նաև Ռուսաստանում՝ նախկին ԽՍՀՄ մետրոպոլիայում, ով շարունակում է «թաքուն կառավարել» նախկին խորհրդային հանրապետություններից շատերին»: Գրիսլեյդը հրապարակում է մամուլի ազատության նկատմամբ ոտնձգությունների դեպքերը և հիշեցնում, որ առանց խոսքի ազատության` ժողովրդավարություն չի կարող լինել:

«Թեև նրանք կոչվում են «հանրապետություններ», իրապես ժողովրդավար են նրանցից միայն մի քանիսը: Իսկ մյուսներն իսկական բռնապետություններ են, որտեղ ոչ մի հարգանք չկա մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ, էլ չեմ խոսում մամուլի ազատության մասին,- գրում է լրագրողը: -Քաղաքական առաջնորդները խոչընդոտներ են հարուցում նորաստեղծ լրատվամիջոցների դեմ, հորինված մեղադրանքներով ձերբակալում են լրագրողներին, ուշադրություն չեն դարձնում թղթակիցների նկատմամբ բռնությունների դեպքերին ու երբեք դրանք չեն հետաքննում, մերժում են ռադիո և հեռուստաընկերություններին հեռարձակման արտոնագիր տրամադրելը: Բացի այդ, իրենց քարոզչամիջոցներով նրանք ջանում են կասկածի տակ դնել օտարերկրյա լրատվամիջոցների հրապարակումների իսկությունը: Մշտապես բանավոր մեղադրանքներ են հասցեագրում թե ներպետական, և թե օտարերկրյա լրատվամիջոցներին», նախկին խորհրդային երկրների վիճակն է ներկայացնում նա:

Եվ ահա այսօր հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովի՝  ԶԼՄ-ներում «օտարերկրյա պետության գործակալ» հասկացությունը տարածելու վերաբերյալ օրինագիծը կարող է հետ կանչվել Պետդումայից: Այս մասին հայտարարել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Սերգեյ Ժելեզնյակը:
«Մենք խոսել ենք Ֆյոդորովի հետ, և նա պատրաստվում է հետ կանչել օրինագիծը»,- ասել է նա, որի խոսքերը մեջբերում է Interfax-ը:

Ավելի վաղ լուրեր կային, որ Ռուսաստանի Պետդուման աշնանը հնարավոր է ուղղումներ մտցնի ԶԼՄ-ների մասին օրենքում, որոնք նախատեսում են ԶԼՄ-ների համար մտցնել «օտարերկրյա գործակալ» կարգավիճակը: Խոսքն այն լրատվամիջոցների մասին է, որոնք ֆինանսավորվում են դրսից:

Եվ նորից վերադառնալով Գրիսլեյդի հոդվածին՝ նշենք, որ մամուլի իրավունքները ոտնահարող այլ երկրների թվում նա նաև անդրադարձել է Հայաստանին: Ահա, մասնավորապես, ինչ է գրում լրագրողը.

«Հայաստանում հարվածի տակ են հայտնվել անկախ թերթերը: Ներկայումս դատական հայցեր են ներկայացված դրանցից չորսի դեմ: Նրանց մեղադրում են զրպարտության համար, թեպետ իրական նպատակն այդ լրատվամիջոցներին սնանկացնելն է»:

Տեսանյութեր

Լրահոս