Ի՞նչ եղավ «ՄՄՄ 2011»-ի հետ
«ՄՄՄ 2011» ֆինանսական բուրգի հայաստանյան ներկայացուցչությունն այլևս չի գործում: Գրասենյակը փակ է, իսկ «ՄՄՄ 2011» կազմակերպության նկատմամբ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։ Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից։
Նշենք, որ 90-ականներին հայտնի «ՄՄՄ» ֆինանսական բուրգը, որը փոշիացրեց միլիոնավոր մարդկանց գումարները, 2011 թվականին հանդես եկավ «ՄՄՄ 2011» անվամբ և նորից սկսեց ներդրումներ ընդունել ողջ Ռուսաստանի տարածքում, իսկ հետո ընդլայնվեց` հիմնելով իր մասնաճյուղը նաև Հայաստանում։ Պայմանները նույնքան գայթակղիչ էին, ինչպես նախկինում: Օրինակ, 100 հազար դրամ ներդնելու դեպքում խոստանում էին մեկ ամիս անց վերադարձնել 130 հազար: Ամիսներ առաջ ՀՀ Կենտրոնական բանկը հաղորդագրություն տարածեց այս «ֆինանսական կառույցի» գործունեության վերաբերյալ` զգուշացնելով, որ ««MMM 2011» ֆինանսական բուրգը» որևէ առնչություն չունի Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայի, դրանում ծավալվող ֆինանսական օրինաչափ հարաբերությունների հետ, և առաջարկված սխեմայում ներգրավվելու դեպքում առկա է ֆինանսական ու նյութական կորուստների իրական վտանգ։