Հայաստանը Իրանին «հալալ» մսամթերք կմատակարարի
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ հանդիպման ժամանակ կարեւորել է երկկողմանի կապերի հետագա ընդլայնումը:
Ինչպես հայտնեցին գյուղատնտեսության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են բուսաբուծության եւ անասնապահության ոլորտները:
«Այստեղ չօգտագործված մեծ հնարավորություններ կան: Անցյալ տարի պաշտոնական այցով գտնվելով Իրանում, ստորագրեցի երկկողմ համագործակցության մասին փոխըմբռման հուշագիր: Ցավոք, կարեւոր այդ փաստաթղթի պահանջների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները դեռեւս բավարար չեն: Ցանկանում եմ, որ պարոն դեսպանի օժանդակությամբ մենք կյանքի կոչենք ձեռքբերված պայմանավորվածությունները, որպես առաջին քայլ, Հայաստանում ստեղծելով` «Հալալ» մակնշմամբ սպանդանոցային համալիր»,- նշել է նախարարը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպանը պատրաստակամություն է հայտնել հետեւողականորեն շարունակել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը եւ նպաստել երկկողմ համագործակցության հետագա խորացմանը:
Կարապետյանը հիշեցրել է, որ առաջիկայում Երեւանում նախատեսվող առեւտրատնտեսական հարցերով հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված են գյուղատնտեսությանը վերաբերող բազմաթիվ հարցեր եւ, դրանից ելնելով, հայկական կողմն առաջարկել է Հայաստան հրավիրել Իրանի գյուղատնտեսության նախարարին: