Զբոսաշրջության համաշխարհային համաժողովը կկայանա Երևանում
Այսօր` հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարեց, որ այս տարվա հոկտեմբերի 18-19 առաջին անգամ Երեւանում կանցկացվի համաժողով` ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո: Համաժողովին մասնակցելու են համաշխարհային զբոսաշրջային կառույցների ղեկավարները` նախարարների մակարդակով: Ըստ Տ. Դավթյանի` սա աննախադեպ ձեւաչափ է Հայաստանի համար:
Համաժողովի անցկացման համար համաձայնություն ձեռք է բերվել անցյալ տարի, երբ Հայաստան այցելեց ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային: Գալիք համաժողովի շրջանակներում տեղի է ունենալու նաեւ ԱՊՀ տուրիզմի հարցերով նախարարների խորհրդաժողովը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ա. Պետրոսյանը նշեց, որ համաժողովի ընթացքում ընդունվելու է երեւանյան հռչակագիր, որով այդ իրադարձությունը կմտնի պատմության մեջ: Համաժողովի խորագիրն է. «Համամարդկային արժեքները եւ մշակութային բազմազանությունը 21-րդ դարում»: