«Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան՝ ամերիկահայ բարերարին

Հունիսի 22-ին, Ս. Պատարագի ավարտին Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի է արժանացրել ամերիկաբնակ բարերար Նուբար Աֆեյանին` ի գնահատություն ազգային-եկեղեցական կյանքում իր կարևոր և օգտակար հանձնառությունների:

Մինչ շքանշանի հանձնումը Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նրա ազգօգուտ և եկեղեցանվեր գործունեությանը: Նորին Սրբությունը բարձր է գնահատել Աֆեյանի հավատարմությունն ու սերը հանդեպ Հայ Առաքելական Եկեղեցին` նշելով վերջինիս նշանակալի մասնակցությունն եկեղեցաշինության աշխատանքներում, մասնավորապես՝ Տաթևի համալիրի վերանորոգման նվիրական գործին: Գարեգին Բ Հայրապետն ընդգծել է նաև Աֆեյանի կարևոր ներդրումը Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման գործում և նրա կուրծքը զարդարել Հայոց Եկեղեցու պատվո բարձրագույն շքանշանով:
Ս. Պատարագին և շքանշանի հանձնման արարողությանը ներկա են եղել նաև ազգային բարերարներ տեր և տիկին Գառնիկ և Անի Յակուբյանները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը, Կարո Արմենը, ինչպես նաև բազում հրավիրյալներ և ուխտավորներ:

Հանդիսավոր արարողությունից հետո Մայր Աթոռում տեղի է ունեցել ընդունելություն, որի ընթացքում Վեհափառ Հայրապետը և հրավիրյալները վերստին շնորհավորել են Նուբար Աֆեյանին` ծննդյան 50-րդ տարեդարձի և Հայոց Եկեղեցու բարձրագույն պարգևին արժանանալու առիթով:

Տեսանյութեր

Լրահոս