Բաժիններ՝

Հայ-իրանական 3 խոշոր ծրագրերից 2-ը 20 տարվա վաղեմություն ունեն

Հայ-իրանական համատեղ 3 խոշոր ծրագրեր՝ Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի, նավթատար խողովակաշարի և Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները շուտով գործնական փուլ կմտնեն: Այս մասին հայտարարվել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան Մոհամադ Ռեիսիի հետ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպման ժամանակ։

Թե որքանո՞վ է այդ ծրագրերի իրականացումը ռեալ և որքանո՞վ է կախված հայկական կողմից, «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պատասխանել է, որ առաջինը և երրորդը իրեն ծանոթ նախագծեր են, դրանք դեռևս 1993-1994 թթ-ի ծրագրեր են: Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի մի տարբերակ կառուցվել է դեռ 1996 թ-ին, իսկ երկրորդի կառուցումը կնպաստի հոսանքի փոխհոսքերի իրականացմանը: Հ.Բագրատյանը դրա կառուցումը դրական գնահատեց, քանի որ ատոմակայանի էլեկտրաէներգիայի արտադրության մակարդակը շատ տարբեր է և կախված է տարվա եղանակներից. «Մենք գարնանը ավելցուկ ենք ունենում հիդրոէլեկտրակայանների աշխատանքի արդյունքում, բայց քանի որ ատոմակայանի շահագործումը չենք կարող անմիջապես դադարեցնել, դրա կարիքը կա: Չնայած ես կգերադասեի փոխհոսքերին զուգահեռ Հայաստանում կառուցվեր էներգաակումուլյատոր կայան»,-ասել է նախկին վարչապետը:
Ըստ Հ.Բագրատյանի՝ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը նույնպես հայտնի ծրագիր է, ընդ որում, նրա տեղեկություններով, իրանական կողմն արդեն իր հատվածում շինմոնտաժային աշխատանքների զգալի ծավալն իրականացրել է:
«Նավթատար խողովակաշարի և պահեստարանի կառուցելու ծրագրերով ես չեմ զբաղվել և չեմ կարող գնահատական տալ ո՛չ դրական, ո՛չ բացասական»,- եզրափակել է Հ. Բագրատյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս