Պայթյունից զոհվել են Սիրիայի պաշտպանության և ՆԳ նախարարները

Դամասկոսում հերթական խոշոր պայթյունն է տեղի ունեցել` ազգային հետախուզական ծառայության շենքի մոտակայքում: Պայթյունի հետևանքով զոհվել են Սիրիայի պաշտպանության նախարար գեներալ Դաուդ Ռաջիհան և ներքին գործերի նախարար Մոհամմեդ Իբրահիմ ալ Շաարը, տեղեկացրել է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը: Լուրջ վնասվածքներ են ստացել նախագահ Ասադի աներորդի Ասեֆ Շաուքաթն ու երկրի հետախուզության ղեկավարը:

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն այն պահին, երբ շենքում ընթացել է նախարարների հանդիպումը հետախուզական ծառայության ղեկավարության հետ:

Տեղեկություններ կան այն մասին, որ հանդիպման այլ մասնակիցներ ևս լուրջ վնասվածքներ են ստացել, սակայն նրանց անունները դեռ չեն հրապարակվում:

Միաժամանակ զինյալները հայտարարում են, որ կարողացել են մուտք գործել քաղաքի Դումմար շրջան, որտեղ գտնվում է նախագահական նստավայրը: «Ալ-արաբիա»-ի հաղորդմամբ, ընդդիմադիրները հրետակոծում են այստեղ գտնվող պետական շինությունները. մարտեր են ընթանում նախագահական նստավայրից ընդամենը մի քանի հայուր մետր հեռավորության վրա:

Ընդդիմադիրների տեղեկություններով` վերջին 24 ժամվա ընթացքում Դամասկոսում կառավարական ուժերի 60 զինվոր է սպանվել, իսկ օդում ռազմական ուղղաթիռ է խփվել: Իշխանություններն իրենց հերթին տեղեկացնում են, որ Դամասկոսում «ահաբեկիչները» շրջափակվել են և գործողություն է իրականացվում նրանց վերացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս