
«Քինգ դե լյուքսը» կվերսկսի՞ գործադուլը

Կոտայքի մարզում գրանցված «Քինգ դե լյուքս» ընկերության վարորդներն ուրբաթ օրը, ամենայն հավանականությամբ, կվերսկսեն գործադուլը, այս մասին տեղեկացրեց ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը։
«Ինձ տեղյակ են պահել, որ ուզում են ինչ-որ կտրուկ քայլերի էթան, մայրուղիների վրա չգիտեմ ինչով զբաղվեն»,- ասաց Արթուր Դալլաքյանը:
Հիշեցնենք, որ երբ նախորդ երկուշաբթի «Քինգ դե լյուքս» ընկերության շուրջ 100 վարորդներ գործադուլ էին անում՝ դժգոհելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվճար երթուղիներից, որոնք գործում էին մի քանի ուղղություններով՝ Երևան-Աբովյան, Աբովյանի ներքաղաքային 5 և միջմարզային ուղղություններով, իրավիճակն անսպասելի հանգուցալուծում ստացավ, երբ ընկերությունը վարորդներին չորս օրվա դիզվառելիք տրամադրեց՝ «մինչև որ հարցերը լուծվեն»: Իսկ վարորդներն էլ ասել էին, որ խնդիրը լուծում չստանալու դեպքում, իրենք կանցնեն գործի, քանի որ իրենց «խոսքն էլ է գործ»:
Տրանսպորտային ընկերությունը պատկանում է Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին։ Ըստ մամուլի որոշ հրապարակումների՝ վերջինիս և ԲՀԿ առաջնորդի հարաբերությունները սրվել են ԱԺ ընտրությունների շրջանում:
Արթուր Դալլաքյանը նաև ասաց, որ հինգշաբթի «մի թեթև ասուլիս կտա» և լրագրողներին կներկայացնի այս պահին բարձրացվող հարցադրումները:
Նշենք, որ ԲՀԿ-ից՝ մի շարք տրանսպորտային կազմակերպությունների անունից, հայտարարել էին, որ պատրաստ են վարորդներին աշխատանքի ընդունել:
Տնօրենն ասաց, որ ինչպես և կանխատեսել էր՝ ոչ մի վարորդ չի դիմել։ «Վարորդները հասկանում են՝ ինչ ա, էս ընթացքում մի ընտանիք ա ստեղծվել, իրանք ո՞նց կարան ընդուվեն մի տեղ, որը վեց ամիս իրենց սնանկացրել է»,-ասաց «Քինգ դե լյուքսի» տնօրենը: