Ղարաբաղցիները յոլա են գնում, մինչդեռ եզդիները բարգավաճում են

«Անասնապահ եզդիները Քարվաճառի հրաշալի արոտավայրերում մի քանի ամսում հարստանում են: Իսկ մենք էլի մեր քթի տակ բողոքում, դժգոհում ենք` արդարացնելով մեր անգործունությունը, ինչը հարիր չէ արարող, ստեղծող հային»: artsakhtoday.com-ի հոդվածագիրն անդրադառանալով այն խնդրին, որ ղարաբաղցիները ճիշտ չեն օգտվում Քարվաճառի բարենպաստ պայմաններից, գրում է, որ նրանց փոխարեն Հայաստանից Ղարաբաղ գնացած եզդիները «բիզնես են ծաղկեցնում»:

«Քարվաճառի շրջանի Ծար գյուղից մոտավորապես 30 կիլոմետր դեպի արևելք ընկած հատվածում` Ալ լճերի մոտակայքում, վերջերս հանդիպեցինք զարմանալի երևույթի: Այստեղ հսկայական տարածք էին զբաղեցրել ժամանակավոր ապրող եզդիները` 10-ից ավելի վրաններով ու 4000 սպիտակ ոչխարների հոտով: Այնպես որ եզդիների բիզնեսն այստեղ ծաղկում է»,- գրում է հոդվածագիրը և հավելում, որ եզդիների դեմ ոչ մի բողոք չկա, նրանց պես պետք է վարվեն նաև ղարաբաղցիները:

Ղարաբաղի այն գյուղերում, որտեղ կա ոռոգման ջուր, զմրուխտ արոտավայրեր, բարեխառն կլիմա, աճում է ամեն ինչ` սկսած ձմերուկից վերջացրած կիտրոնով, մի խոսքով այն ամենը, ինչ պետք է գյուղատնտեսության զարգացման ու ապրուստի համար: «Բայց երբ հարցնում ես՝ ինչու՞ եք վատ ապրում, դարձյալ պատասխանում են՝ որ գործ չկա, օրվա հացի համար ենք պայքարում»,- նշում է նույն աղբյուրը:

Տեսանյութեր

Լրահոս