Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները դարձյալ Ստամբուլում
Իրանի միջուկային ծրագի շուրջ բանակցությունները կշարունակվեն հուլիսի 24-ին Ստամբուլում: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ կողմերը բանակցությունները կշարունակեն հուլիսի 3-ին դարձյալ Ստամբուլում տեղի ունեցած փորձագետների քննարկման արդյունքների հիման վրա:
Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են ինչպես առկա բացթողումները, այնպես էլ գործընթացն առաջ տանելու եղանակները:
Հունիսի 18-19-ին Մոսկվայում Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունների երրորդ փուլին ընթացքում միջնորդ «վեցյակն» ու Իրանը համաձայնության էին եկել բանակցությունները շարունակելու վերաբերյալ:
Մոսկովյան փուլին նախորդել էին Ստամբուլում` ապրիլի 14-ին և Բաղդադում` մայիսի 23-24-ին տեղի ունեցած բանակցությունները:
Չնայած շարունակվող բանակցություններին` հուլիսի մեկից ուժի մեջ մտավ իրանական նավթի վաճառքի վրա Եվրոպական երկրների կիրառած էմբարգոն: