Հայաստանից արդեն արտահանվել է 8430 տոննա ծիրան
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն, այսօր` հուլիսի 10-ին, խորհրդակցության է հրավիրել պտուղ եւ բանջարեղեն արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն արտահանման հետ կապված խնդիրների քննարկումն էր:
Մասնակիցները նշել են, որ նախապատրաստական փուլի հետ կապված դժվարությունները հաղթահարված են, ուստի արտահանման գործընթացը կազմակերպված է իրականացվում:
Հուլիսի 10-ի դրությամբ, արտահանվել է 8430 տոննա ծիրան, այն դեպքում, երբ ամբողջ 2011 թվականին արտահանվել է ընդհամենը 7031 տոննա: Ծիրանի արտահանումները շարունակվում են, եւ մինչեւ բերքաշրջանի ավարտը արտահանման ծավալները զգալիորեն կաճեն:
Նախարարն արտահանողների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ այս տարի առատ է նաեւ դեղձի բերքը, մասնավորապես նշելով, որ նախօրյակին եղել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, ուր հրաշալի ու հարուստ բերք է հասունանում:
Արտահանողները հավաստիացրել են նախարարին, որ կարվի ամեն ինչ, ինչպես ծիրանի, այնպես էլ դեղձի արտահանման ենթակա ողջ ծավալը հանրապետությունից դուրս հանելու, դրսի սպառողին հասցնելու համար: