Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է` որպես «Հարսնաքար»-ի գործով վկա
Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի բոլոր 6 մեղադրյալները «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի վարչության ղեկավար Արսեն Այվազյանը՝ հավելելով, որ նրանցից ոմանք որոշ առիթների դեպքում երբեմն ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին: Բանախոսը հստակ նշեց, որ ապացուցված է այն հանգամանքը, որ նրանք բոլորը ռեստորանային համալիրի գրանցված աշխատակիցներ են:
Նա նաև նշեց, որ դեպքի օրը Ռուբեն Հայրապետյանը, ըստ քրգործի տվյալների, եղել է Սևանում և ժամը 19-ի սահմաններում կես ժամով եղել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, որից հետո գնացել է Ֆուտբոլի ակադեմիա:
«Ռուբեն Հայրապետյանը որպես վկա հարցաքննվել է հուլիսի 6-ին` քննչական գլխավոր վարչությունում, նրա դեմ մեղադրանք չի առաջադրվել: ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի համաձայն՝ կարելի է մեղադրանք առաջադրել բավարար ապացույցների պայմաններում, որոնք վկայում են նրա մասնակցությունը դեպքին, իսկ մենք գեթ մեկ ապացույց չունենք նրա մասնակցության վերաբերյալ»,- հստակեցրեց Արսեն Այվազյանը՝ տեղեկացնելով, որ ո՛չ վկաները, ո՛չ տուժողները տվյալ չեն հայտնել նրա մասնակցության վերաբերյալ, իսկ այս դեպքում նրան ձերբակալել հնարավոր չէ:
Հարցին` մեղադրյալները նախկինում դատված եղե՞լ են, պատասխանեց՝ ոչ:
Անդրադառնալով վարկածներին, թե Վահե Ավետյանին և նրա ընկերներին ծեծողները 15-ն են եղել՝ ասաց, որ դա, որպես վարկած, քննվում է, նախաքննությունը շարունակվում է, ներկա փուլում ծեծի ենթարկողները եղել են 6-ը:
«Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, տեղադրված չեն եղել տեսախցիկներ: Պետք է նշեմ, որ ռեստորանային համալիրում տեսահսկման համակարգը դեպքի օրը դիտարկման ֆունկցիա է իրականացրել, ձայնագրում չի եղել: Կատարվել են քննչական գործողություններ, և արդյունքները սրանք են՝ ձայնագրող սարք չի էլ եղել, համակարգը ձայնագրող չի եղել»,- մեկնաբանեց Արսեն Այվազյանը:
Նա նաև ճիշտ չհամարեց այն խոսակցությունները, թե իրականում Վահե Ավետյանը մահացել է հունիսի 28-ին: