Ցեղասպանության նոր օրինագիծը Ֆրանսիայում քննարկման կդրվի աշնանը

Ֆրանսիան պատրաստվում է Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը քննարկման դնել աշնանը, տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանը գործակալությանը տեղեկացրել է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է աշնան երկրորդ կեսին սկսել օրինագծի քննարկումը, որը կներկայացվի կառավարության կողմից:
Օլանդը օրերս վերահաստատել էր Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու իր մտադրությունը: Նախագահական նստավայրից հայտարարել էին, որ Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում արտահայտել է իր դիրքորոշումը և հավատարիմ կմնա դրան:
«Մենք պետք է գտնենք մի ճանապարհ, որը նոր նախագծի տեքստը համապատասխան կդարձնի Սահմանադրությանը»,- հայտարարել էին Ելիսեյան պալատից:
Ավելի վաղ, նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին զայրացրել էր պաշտոնական Անկարային, սատարելով հայամետ օրինագծին: Դրա` Սենատի կողմից ընդունումից հետո Անկարա-Փարիզ հարաբերությունները սրվել էին: Սակայն Ֆրանսիայի Սահմանադիր խորհուրդը փետրվարին չեղյալ էր համարել ընդունված օրինագիծը` պատճառաբանելով, որ դա ոտնահարում է խոսքի ազատության իրավունքը: թուրքական իշխանությունները ողջունել էին Սահմանադիր խորհրդի այս քայլը:

Տեսանյութեր

Լրահոս