ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն կուսումնասիրի Հայաստանում ՄԻ վիճակը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն ուսումնասիրության կենթարկի մարդու իրավունքները Հայաստանում, որի ուղիղ հեռարձակմանը կարելի է հետեւել ինտերնետի միջոցով` երկուշաբթի հուլիսի 16-ին` եւ երեքշաբթի հուլիսի 17-ին:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ 18 անկախ փորձագետներից բաղկացած կոմիտեն, հայաստանյան պատվիրակության հետ կծավալի երկխոսություն` Հայաստանում մարդու իրավունքների խթանման կամ պաշտպանության վերաբերյալ:
Հայաստանի կառավարությունը Մարդու իրավունքների կոմիտեին է ներկայացրել պետական զեկույց մարդու իրավունքների բնագավառում իր ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, իսկ մի շարք ոչ-կառավարական կազմակերպություններ նույնպես զեկույցներ են ուղարկել կոմիտեի ուշադրությանը:
Հայաստանը մեկն է այն 167 պետություններից, որ միացել է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, եւ ենթակա է մարդու իրավունքների կոմիտեի կողմից կանոնավոր ստուգումների: Մարդու իրավունքների կոմիտեն Հայաստանում վերջին անգամ դիտարկումներ է անցկացրել 1998 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս