Կտուրը «հավատացել» է
ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը տեղափոխվել է կուսակցության Կենտրոն կառույցի տարածք: Կուսակցության փոխնախագահներն ու բոլոր մյուս պատասխանատուները հանգրվանել են Երեւան-նախագիծ ինստիտուտի շենքում գտնվող կառույցում: Իսկ այս օրերին բուռն շինարարություն է ընթանում կենտրոնական մասնաշենքում: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին հրդեհվել էր այդ շենքի տանիքը: Հրդեհը մարելու համար հրշեջների բաց թողած ջուրը վնասել էր շենքի պատերը, հատակն ու կտուրը: Եվ այժմ կուսակցությունը կապիտալ վերանորոգում է իրականացնում հին շենքի 3 հարկերում: Բացի այդ, շենքի հարեւանությամբ կառուցվում է նաեւ կուսակցության նոր մասնաշենքը: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ` կուսակցության գրասենյակի շինարարական աշխատանքները կավարտվեն աշնանը: Իսկ մինչ այդ ՀՀԿ-ն որտե՞ղ է անցկացնելու գործադիր մարմնի կամ խորհրդի նիստերը: Է.Շարմազանովն ասաց, թե դրանք կանցկացվեն կուսակցության բազմաթիվ գրասենյակներից մեկում: