Երուսաղեմի Հայոց պատրիարքի ընտրություն չի լինի մինչև 2013-ի հունվարը
Հունվարի 19-ին Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը թաքատապի և ուղեղային կաթվածի հետևանքով անգիտակից վիճակում տեղափոխվեց տեղի հրեական հիվանդանոց: Այժմ նա Երուսաղեմի Ֆրանցիսկյան միաբանությանը պատկանող հիվանդանոցում է: Սակայն, դժբախտաբար, պատրիարքի առողջական վիճակը չի բարելավվում: Պատրիարքը մահամերձ վիճակում է, անկարող է խոսել ու լսել, նաև կորցրել է հիշողությունը: Այս մասին հայտնել է «Հայ Երուսաղեմ» պարբերականի գլխավոր խմբագիր Նահապետ Մելքոնյանը`«Նոյյան տապանի»-ի հետ զրույցում:
Նրա խոսքով` պետք է սպասել մինչև 2013-ի հունվարը, այսինքն՝ այնքան, մինչև պատրիարքի առողջական վիճակի վատթարացումից անցնի մեկ տարի և, եթե երեք տարբեր բժիշկների քննության արդյունքում հաստատվի, որ նրա վիճակը բարելավման ենթակա չէ, միաբանությունը, ընդհանուր ժողով գումարելով, կարող է հանգստի կոչել Ս. Աթոռի ներկայիս գահակալին և նոր պատրիարք ընտրել: