
Քլինթոն. Ռուսաստանն ու Չինաստանը թանկ կվճարեն Սիրիայի կացության համար

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր կոչ է արել Փարիզում «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպման մասնակիցներին ճնշում գործադրել Չինաստանի և Ռուսաստանի վրա, որոնք, նրա կարծիքով, արգելափակում են Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացը, հաղորդում է Reuters-ը:
«Իրավիճակում փոփոխության կարելի է հասնել միայն եթե այստեղ ներկա գտնվող յուրաքանչյուր երկիր ուղղակիորեն կարճ ժամկետում ցույց տա, որ Ռուսաստանն ու Չինաստանը կվաճրեն այն բանի համար, որ զսպում են առաջընթացը… և այս իրավիճակն այլևս անհնար է տանել»,- հայտարարել է Քլինթոնը:
Քլինթոնը կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին բանաձև ընդունել Սիրիայի դեմ՝ պատժամիջոցներ սահմանելու և իշխանափոխություն իրականացնելու շուրջ:
«Անհրաժեշտ է դարձյալ Անվտանգության խորհուրդ հրավիրել և պահանջել իրագործել Ժնևի ծրագիրը, որին Ռուսաստանն ու Չինաստանը համաձայնություն են տվել,- ասել է նա-անհրաժեշտ է այնպիսի բանաձև, որը հստակ կսահմանի այդ ծրագիրը չիրականացնելու հետևանքները, այդ թվում՝ համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխի կիրառումը»:
ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլուխը նախատեսում է տարբեր գործողություններ, այդ թվում ռազմական, այն դեպքում, եթե վտանգ է առաջանում համընդհանուր խաղաղության համար:
Հիշեցնենք, այսօր Փարիզում բացվել է «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպումը առանց Ռուսաստանի և Չինաստանի մասնակցության: