Հայաստանում աղբի բիզնեսում էլ ստվեր կա

Ի տարբերություն Հայաստանի, Եվրոպայում գրեթե գոյություն չունեն աղբավայրեր և մարդիկ իրենց տանից աղբը դուրս են հանում արդեն տեսակավորած: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին բնապահպան Կարինե Դանիելյանը խոսելով Հայաստանի աղբավայրերի մասին նշեց, որ մեզանում քիչ քայլեր են ձեռնարկում աղբի վերամշակման ուղղությամբ:
«Աշխարհի տարբեր երեկրներում աղբը վերամշակում են և օգտագործում կենցաղում: Ես ուրախ եմ, որ մեզ մոտ մի քանի քաղաքներում արդեն իսկ նախաձեռնություն կա աղբը տեսակավորելու և մարդիկ կամաց-կամաց հետևում են այդ կանոններին: Սակայն մեզանում պետք է ձևավորել այդ մշակույթը, և դրանում առաջին հերթին մեծ ազդեցություն կարող են ունենալ հեռուստատեսությունները»,- ասաց նա:
Հրավիրված մամուլի ասուլիսին ներկա «Cleanland» աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերության հանրային կապերի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը ևս խոսեց այն մասին, որ Հայաստանում դեռևս բացակայում է այն մշակույթը, որ մարդ պետք է աղբը չնետի պատահական վայր:
«Մենք՝ հայերս, սիրում ենք մեր տունը մաքուր պահել, իսկ մեր տանից դուրս ամեն ինչ կեղտոտ թողնել: Պետք է հասնել նրան, որ մարդիկ տանը տեսակավորեն աղբը: Մեր ընկերությունը բացառիկ իրավունք ունի աղբը տեսակավորելու, բայց մենք չենք կարող աշխատանք տանել, քանի դեռ ստվերային ընկերությունները չհասկանան, որ չի կարելի հավաքել աղբը և հակասանիտարական վիճակում արտադրել որևէ բան»,- ասաց նա:
Կարինե Դանիելյանը նշեց, որ աղբի ոլորտում ընդհատակյա բիզնեսները, խոչընդոտում են, որպեսզի աղբի տեսակավորումը կայանա քաղաքակիրթ ճանապարհով:
Տիկին Դանիելյանը առանձնահատուկ ուշադրության արժանացրեց այն հանգամանքին, որ Հայաստանում բնության մեջ հաճախ կարելի է տեսնել պոլիմերային տոպրակներ: Նա հիշեցրեց, որ պոլիմերը բնության համար անսովոր երևույթ է, քանի որ դա մարդու կողմից ստեղծված սինթետիկ միացություն է:
«Օրինակ, եթե դուք թղթի փաթեթ եք նետում բնության մեջ, բնությունը դա կարող է վերամշակել և օգտագործել, որովհետև թուղթը իրեն հարազատ նյութերից է կազմված: Բայց եթե պոլիէթիլեն եք նետում, ապա բնությանը դա ծանոթ չէ և դա չի վերամշակվում:
Տասնամյակներով մնալով բնության մեջ շրջակա միջավայրի համար խիստ բացասական ազդեցություն է թողնում»,-ասաց Կարինե Դանիելյանը:

Տեսանյութեր

Լրահոս