Սոցիալական փաթեթը` հանգստի կազմակերպման միջոց
ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի N 1917 որոշման համաձայն` սահմանվել էր սոցիալական փաթեթի հատկացման կարգ, ըստ որի` 120.000 պետական աշխատողի 2012թ. բյուջեից պետք է հատկացվի 132.000-ական դրամ, որից 80.000-ը պետական աշխատողը կարող է տրամադրել ՀՀ եւ ԼՂՀ տարածքներում իր հանգստի կազմակերպման համար: Այս մասին երեկվա ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունները մատուցվում են ՀՀ եւ ԼՂՀ տարածքում, համապատասխան զբոսաշրջային փաթեթներ ձեւավորելու եւ իրացնելու միջոցով: Ապրեսյանի խոսքով` սոցիալական փաթեթի զբոսաշրջային օպերատոր կարող են դառնալ այն կազմակերպությունները, որոնք ունեն ոչ պակաս, քան 3 տարվա աշխատանքային փորձ, մասնակցել են առնվազն 2 միջազգային զբոսաշրջային ցուցադրությունների եւ առաջարկում են ոչ պակաս, քան 15 զբոսաշրջային փաթեթ: Ներկայացվող փաթեթներից 2-ը պետք է ներառեն նախագծեր եւ ծառայություններ ՀՀ եւ ԼՂՀ տարածքում: Ըստ Մ. Ապրեսյանի` ՀՀ էկոնոմիկայի նախարարության նպատակն է սոցիալական փաթեթների միջոցով հնարավորություն տալ սոցիալական աշխատողներին մատչելի գներով կազմակերպել իրենց հանգիստը: Մեր այն հարցին, թե ինչ ֆինանսական ծախսեր կպահանջի սոցիալական փաթեթը օրվա հանգիստը պլանավորելու համար, պարոն Ապրեսյանը պատասխանեց, թե գները տարբեր են, սկսած` օրական 5000 դրամից, ներառյալ` հյուրանոցն ու սնունդը: