Սեւքարեցի Գոհարը աղջիկներ է տանում Թուրքիա

Տավուշի մարզի Սեւքար գյուղի 45-ամյա բնակչուհի Գոհար Կիրակոսյանի նկատմամբ ՀՀ իրավապահների կողմից հետախուզում է հայտարարված. վերջինս կասկածվում է հայ աղջիկներին Թուրքիայում շահագործելու մեջ: Սեւքար գյուղի գյուղապետ Վլադիմիր Մարգարյանն ասաց, որ վերջինս ամուսնացած է եւ շատ լավ երեխաներ ունի, որոնք ամուսնացել են, սակայն վերջին շրջանում էլ գյուղում չեն ապրում: Նրա խոսքով, Գ. Կիրակոսյանի ծնողները գյուղի ամենակիրթ եւ կազմակերպված ընտանիքն են եղել: «Մայրը շատ ընտիր ուսուցչուհի էր, հայրն էլ սովխոզի դիրեկտորն է եղել: Ինչի՞ համար են նրան հետախուզում, ոչինչ չեմ կարող ասել, բայց նրանց տունը մեր գյուղապետարանի մոտ է եւ գիտեմ, որ շատ կիրթ ու գրագետ օրինակելի ընտանիք են»,-ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ ինքը միայն լսելով գիտի, որ Գոհարն աղջիկներ է շահագործել Թուրքիայում. «Որ չես տեսել, ի՞նչ իմանաս»: Նա վստահեցրեց, որ իրենց գյուղից եւ մարզից Գոհարի գործողություններից տուժածներ չկան:
Հարկ է նկատել, որ վերջերս Թուրքիայում նրա գործողություններից տուժած 2 կին են փախել եւ եկել Հայաստան: վերջիններս 20-ամյա Մ. Ա-ն է եւ 22-ամյա Հ.Մ-ն են: Նրանք պարուհիներ են, ովքեր միջնորդի միջոցով Գոհարի մոտ գնացել են Թուրքիա` պարելու համար, սակայն նրանց անձնագրերը Գոհարը վերցրել է եւ ներքաշել մարմնավաճառության մեջ` շահույթը վերցնելով իրեն:
ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի ոստիկանությունից տեղեկացանք, որ վերջինս դեռ չի հայտնաբերվել: Ավելին` Գոհարը ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում է 2008թ-ից:

Տեսանյութեր

Լրահոս