Gallup. Հայաստանում գործազրկությունը անհամեմատ մեծ է պաշտոնական թվից
Հասարակական կարծիքի ուսումնասիրության Gallup ամերիկյան ընկերությունը հրապարակել է 2011-ին աշխարհում գործազրկության իրական ծավալները:
Գործազրկության իրական մասշտաբները սահմանվել են հարցումների հիման վրա՝ ներառելով նաև այն անձանց, ովքեր աշխատում են ոչ լրիվ աշխատանքային օր և ցանկանում են փոխել այն: Սակայն նրանք, ովքեր օրը մի քանի ժամ են աշխատում և չեն ցանկանում լրիվ աշխատանքային օրվա անցնել, չեն համարվում գործազուրկ:
Gallup-ն իր տվյալները ներկայացնում է առանձին-առանձին՝ տղամարդկանց և կանանց համար, քանի որ երկրների մի մասի դեպքում այս մոտեցումը ցույց է տալիս սեռի և զբաղվածության խնդրի կապը. օրինակ Սաուդյան Արաբիայում կանանց դեպքում գործազրկությունը 23 տոկոսով ավելի բարձր է: Իռլանդիայում հակառակը. Տղամարդկանց համար 15 տոկոսով ավելի բարդ է աշխատանքի տեղավորվել: Սեռի գործոնը վճռորոշ է աշխարհի երկրների մեկ քառորդում:
Gallup-ից մեջբերվող տվյալներում նշվում է նախ կանանց, ապա տղամարդկանց վերաբերող ցուցանիշը:
Ըստ ուսումնասիրության` գործազրկության ցուցանիշներով առաջատարը Բուրկինա-Ֆասոն է, որտեղ չի աշխատում կանանց 95 և տղամարդկանց 85 տոկոսը, իսկ ամենացածր մակարդակը Սինգապուրում է (12 և 16 %):
Եվրոպական երկրներում գործազրկության ծավալներն այսպիսին են՝ Ֆրանսիա՝ 30 տոկոս, Իտալիա՝ 44, Իռլանդիա՝ 29 (տղամարդկանց դեպքում): ԱՄՆ-ում չեն աշխատում տղամարդկանց 39 և կանանց 30 տոկոսները:
Ռուսաստանի դեպքում պաշտոնական և Gallup-ի ներկայացրած գործազրկության թիվը տարբերվում են 3 անգամ՝ կազմելով կանանց համար 22 և տղամարդկանց՝ 19 տոկոս:
Հայաստանում, ըստ Gallup-ի, իրականում գործազուրկ է կանանց 73 և տղամարդկանց 62 տոկոսը:
Պաշտոնական տվյալներով 2011-ի դեկտեմբերի դրությամբ մեր երկրում գործազուրկների թիվը կազմել է 6 տոկոս՝ տարեսկզբի համեմատ նվազելով 1 տոկոսով: Կանանց գործազրկության ցուցանիշը՝ 70,9 տոկոս, շարունակել է բարձր մնալ: Հայաստանում 2011 թ. մայիսին, ըստ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, պաշտոնապես գրանցված էր 75 հազ. գործազուրկ, որոնցից` 52 հազարը` կին (մոտ 70 տոկոս):
Ադրբեջանում այդ թիվը կազմում է 63 և 54 տոկոս, Վրաստանում՝ 70 և 69, Իրանում՝ 81 և 75: