Գրառումս գրառմանդ վնաս չէ

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Միջազգային իրավունքի եւ դիվանագիտության արվեստների մագիստրոս Վիգեն Սարգսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Անկեղծ զարմանքով ընթերցեցի Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գրառումը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի իր գնահատականներով:

Զարմանքիս հիմնական պատճառն այն է, որ հեղինակը ողջ տեքստը կառուցում է ենթադրությունների վրա (առատորեն օգտագործվում են «հավանաբար», «շատ տրամաբանական է ենթադրել», «իմ խորին համոզմամբ», «կարծում եմ» եզրույթները), յնուհետեւ ընթերցողին առաջարկում որպես կայացած փաստ ընդունել («այսօր ակնհայտ է») իր եզրահանգումն առ այն, որ «Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է» եւ որ «միջնորդները իրենց իրավունք են վերապահում հավասարապես մեղադրանք դնել կողմերի վրա»:

Զարմանում եմ նաեւ, թե ինչո՞ւ է հեղինակը մտածում, որ ոչ ոք չի հասկանում, թե հատկապես ո՞ւմ է հասցեագրված Լոս Քաբոսի հայտարարության «լեզուն» ռազմատենչ հայտարարությունների, առավելապաշտական պահանջների, զինադադարի խախտման մասով, երբ հենց ինքն էլ գրում է, որ «ակնհայտ է, որ Ադրբեջանն է վտանգում փխրուն խաղաղությունը»: Այսինքն ինչո՞ւ մի բան, որ ակնհայտ է Վարդան Օսկանյանին, իր կարծիքով, ակնհայտ չէ բոլոր մնացածին: Չէ՞ որ եթե կարելի է ենթադրել, թե ի՞նչ էր խնդրում Երեւանում տիկին Քլինթոնը, պետք է նաեւ գիտակցել, թե որքան հիասթափված էին միջնորդ պետությունների ղեկավարները Կազանում ադրբեջանական կողմի պահվածքով:

Տարօրինակ է նաեւ, որ պարոն Օսկանյանը «չի հիշում մի ժամանակ, երբ փակուղին այսքան խորը լինի»: Չեմ կարծում, թե բանակցային գործընթացի տեսության տեսանկյունից հնարավոր է համեմատել «փակուղիների խորությունները»: Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ երբեմն անլուծելի թվացող խնդիրները լուծվել են շատ ավելի հեշտ ու արագ, քան որոշ հակամարտություններ, որոնց շուտափույթ լուծումները կանխագուշակել են բազմաթիվ հեղինակավոր փորձագետներ: Բայց ուզում եմ վստահեցնել պարոն Օսկանյանին, որ ինչպես միշտ նման բանակցություններում գործում է «մինչեւ համաձայնեցված չէ ամեն ինչ, համաձայնեցված չէ ոչինչ» սկզբունքը: Այսինքն, կողմերի փոխզիջումներն առոչինչ են, քանի դեռ չկա վերջնական համաձայնություն ողջ փաստաթղթի շուրջ: Եթե ենթադրենք, որ Հայաստանն անընդհատ զիջել է ինչ-որ բան այս գործընթացում, բա ինչպե՞ս բացատրել, որ իր իսկ խոսքով սկզբում Հայաստանի համար անընդունելի փաստաթուղթը այնուհետեւ անընդունելի դարձավ Ադրբեջանի համար:

Հայաստանը, որպես բարեխիղճ բանակցող, անում է ամեն բան’ փոխհամաձայնության հասնելու համար: Բայց պետության ղեկավարը հստակ նշել է, ընդ որում ոչ միայն փակ ձեւաչափերում, այլ նաեւ իր հանրային ելույթներում, այն առանցքը, որի շուրջ կարող է կառուցվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար ընդունելի լուծումը: Այսինքն, Հայաստանը ցանկանում է ամեն ինչ անել, որպեսզի գործընթացը չմտնի փակուղի, բայց մեր գերխնդիրը հարցի արդար եւ հարատեւ լուծում գտնելն է, ոչ թե միակողմանի զիջումների միջոցով հարցն ամեն գնով լուծելը:

Ի դեպ, եթե բանակցային կողմերի մոտ լուծման շուրջ լիարժեք փոխհամաձայնության բացակայությունը համարենք «խորը փակուղի», ապա Լեռնային Ղարաբաղի բանակցությունների ողջ պատմությունն ինքը անվերջ փակուղի է, ինչպես նաեւ բոլոր մնացած բանակցային գործընթացները: Հեղինակը գրում է, որ ակնհայտ է, որ չկա բոլոր կողմերի բանակցությունների հիմք հանդիսացող փաստաթղթի բացակայությունը: Շատ լավ, բայց չէ որ առաջին անգամ բանակցային գործընթացի մեջ հայտնվել են բանակցությունների հիմք հանդիսացող հիմնական բաղադրիչներ, որոնք մի քանի անգամ վերահաստատվել են միջնորդ երկրների նախագահների կողմից: Չէ՞ որ կարծիքում մատնանշվող հայտարարություններում առաջին անգամ համանախագահ երկրներն իրենց ղեկավարների մակարդակով հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով:

Որպես միջնորդված բանակցությունների հարուստ փորձ ունեցող մարդ’ պարոն Օսկանյանը գիտի, որ դրանցում կարեւոր է, որ միջնորդները հստակ պատկերացնեն, թե ո՞ր կողմն է ձգձգում հարցի լուծումը: Տվյալ դեպքում հենց ինքն է նշում, որ միջնորդների կողմից առաջարկված փաստաթուղթը երկու անգամ անընդունելի է եղել ադրբեջանական կողմի համար: Դրան բացարձակ հավասարազոր չէ հայկական կողմից Ադրբեջանի առաջարկությունների մերժումը: Դա շատ լավ հասկանալի է հարցով զբաղվող բոլոր կողմերի համար:

Խոսելով փակուղու մասին, պարոն Օսկանյանը նշում է, որ դրա պատճառ է նաեւ «չհամաձայնեցված խնդիրների ավելացումը»: Ցավում եմ, որ բանակցությունների գաղտնիության սկզբունքը թույլ չի տալիս բացել մանրամասներ, բայց խնդրում եմ հեղինակին ուշադիր կարդալ իր իսկ մեջբերած Լոս Քաբոսի «խիստ» հայտարարությունը, որում հստակ ասված է. «Այնուամենայնիվ, ձեռք բերված առաջընթացը պետք է հնարավորություն հանդիսանա համապարփակ խաղաղության շրջանակի ձեւավորման աշխատանքն ավարտելու համար»: Ուրեմն ի՞նչ չհամաձայնեցված խնդիրների ավելացման մասին է խոսքը:

Պարոն Օսկանյանը կարծում է, որ տիկին Քլինթոնը Հայաստանից ձեռնունայն է գնացել, քանի որ «Հայաստանը չէր կարող նոր բան ավելացնել Կազանում արդեն ընդունվածի վրա»: Շտապում եմ հանգստացնել պարոն Օսկանյանին. Հայաստանը Կազանում որեւէ բան չի ընդունել, հետեւաբար դժվար թե դրան ինչ-որ բան ավելացնելու կամ պակասեցնելու հարց ծագեր: Չի ընդունել մի պարզ պատճառով’ բանակցություններում պետք է բոլոր ներգրավված, ոչ թե մեկ կողմի համաձայնությունը որեւէ բան ընդունելու համար: Հայաստանը նշել է, որ պատրաստ է քննարկել այդ փաստաթուղթը հիմք ընդունելու հնարավորությունը, եթե լինի նաեւ բոլոր բաղադրիչների վերաբերյալ Ադրբեջանի համաձայնությունը:

Ինչպե՞ս կարող է որեւէ մեկը կարծիք կազմել զիջածի ծավալի եւ ժամանակավրեպության մասին, եթե բանակցությունները գաղտնի են: Չեմ կարծում, որ այս փուլում պարոն Օսկանյանի տեղեկացվածությունն այս հարցերի շուրջ բավարար է նման հեռու գնացող եզրահանգումների համար:

Անշուշտ կարող եմ երկար շարունակել փաստարկներս, բայց թերեւս կարիք չկա, քանի որ պարոն Օսկանյանի կարծիքի հիմնական մեխը քաղաքական է, ոչ թե քաղաքագիտական: Գրվածի առանցքը Լեռնային Ղարաբաղը չէ, այլ «ինչպես նկատեց առաջին նախագահն իր վերջին ելույթում» ձեւակերպման շրջանառումը: Նպատակը մեկն է` ազդանշան տալ Լեւոն Տեր-Պետրոսյանին նրա հետ համագործակցելու պատրաստակամության վերաբերյալ:

Պարո՛ն Օսկանյան, ցանկանում եմ հիշեցնել Ձեզ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում դուք «պարտվողական» էիք գնահատում, իսկ այն հանգրվանը, որին նա հասցրել էր բանակցային գործընթացը` «ամենախորը փակուղի»:

Ընտրությունը Ձերն է, ինչպես նաեւ մտափոխվելու իրավունքը, բայց կարծում եմ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների շուրջ յուրաքանչյուր ներհայաստանյան քննարկում պարտավոր ենք դիտել նաեւ բանակցային գործընթացի վրա դրա ազդեցության տեսանկյունից: Հասկանում եմ, որ համարում եք, որ Ձեզնից հետո Հայաստանի դիվանագիտությունը դատապարտված էր ձախողման, բայց հավատացեք, դա այդպես չէ:

Արտաքին գործերի նախկին նախարար լինելը եւս շատ ծանր բեռ է եւ պատասխանատու աշխատանք, որի առանցքում պետք է լինի յուրաքանչյուր խոսքիդ հնարավոր վնասները գնահատելու կարողությունը: Իսկ բազմաթիվ անհայտներով հավասարությունը լուծելու համար անհայտներից մի քանիսը գուշակելու մեթոդը պարզապես խաբկանք է, իսկ վերջում ստացված պատասխանը’ միշտ սխալ»:

Տեսանյութեր

Լրահոս