Վազգեն Մանուկյանի պատասխանը Նարեկ Սարգսյանին
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հաղորդագրություն է տարածել, որում մեկնաբանում է Նարեկ Սարգսյանի` “168 ժամ” թերթում հրապարակված հարցազրույցին:
Մանուկյանի պատասխանում մասնավորապես ասված է. “ՀՀ Հանրային խորհուրդն ունի 12 հանձնաժողով և 69 ենթահանձնաժողով, և իր գործունեության 3 տարիների ընթացքում բազմաթիվ հարցեր է բարձրացրել՝ գիտության, կրթության, բնապահպանության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, հեռուստատեսության, պետաիրավական և այլ ոլորտների խնդիրների հետ կապված: Սակայն Հանրային խորհուրդն առաջին հերթին
բարձրաձայնել է այն խնդիրների մասին, որոնք հանրությունն է կարևորել և
առաջ քաշել:
Վերջին շրջանում հանրության և հատկապես երիտասարդության կողմից
կարևորվում են բնապահպանական և քաղաքաշինական խնդիրները, և պատահական չէ,
որ բազմաթիվ հարցերի հետ միասին ՀԽ նախագահն ակտիվորեն մասնակցեց
Հանրային խորհրդում կազմակերպված հանրային քննարկումներին՝ կապված
Մաշտոցի պուրակի և Ծածկած շուկայի խնդիրների հետ:
Զարմանալի է, որ Երևանի գլխավոր ճարտարապետը, որ կարծես թե ինքը պետք է
մտահոգված լիներ հանրության առջև ծառացած քաղաքաշինական խնդիրներով,
անձնավորում և պիտակավորում է Հանրային խորհրդի ակտիվությունն այդ
ոլորտում` բավականին հիստերիկ ձևով և բարեկամական կապերի ծիծաղելի ու
անտեղի փաստարկներով: Ինչպես երևում է, Հանրային խորհուրդը խանգարում է
գլխավոր ճարտարապետին, սակայն ո՞ր հարցում…
Վաղուց անցել են այն ժամանակները, երբ լինելով քաղաքի գլխավոր
ճարտարապետ, կարելի էր Երևանն ուզածի պես և անպատիժ մնալով քանդել կամ
ձևափոխել՝ պատճառաբանելով, թե դա Նախագահի կան վարչապետի հրամանն է,
արանքում էլ հսկայական գումարներ աշխատել:
Ժամանակն է համակերպվել այն մտքի հետ, որ հասարակությունն ուշադիր
հետևում է այն բոլոր հարցերին, որոնք կապված են քաղաքաշինության և Երևանի
ապագայի հետ:
Հանրային խորհուրդը շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել
հանրությանը հուզող խնդիրները` այդ թվում նաև քաղաքաշինական, և հետամուտ
է լինելու դրանց լուծմանը` հավատարիմ մնալով իր գործունեության գլխավոր
նպատակին, այն է` քաղաքացիական հասարակության կայացումը Հայաստանում”:
Հիշեցնենք, որ ի պատասխան “168 Ժամի” թղթակցի հարցի, թե` ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված ՀՀ Հանրային խորհուրդը կարծես թե զբաղվում է զուտ քաղաքաշինական հարցերով, Ն. Սարգսյանն ասել էր. “Դա փաստ է, եւ Հանրային խորհրդի նախագահը լուրջ բացատրելու խնդիր ունի: Ճարտարապետներից շատերն այդ երեւույթը բացատրում են այն հանգամանքով, որ Հանրային Խորհրդի նախագահի փեսան (Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի դստեր ամուսինը` Սարհատ Պետրոսյանը.- “168 Ժամ”) այդ ակտիվ կազմակերպություններից մեկի ղեկավարն է: Այդ երիտասարդն ագրեսիվ կերպով, շատ դեպքերում` սխալ ուղղորդված, իմ դեմ գործողություններ է կատարում` բոլոր հարցերն անմիջապես տեղափոխելով ՀՀ Հանրային խորհուրդ: Ցանկացած նախաձեռնություն` Հրապարակի մետրոյի հարեւանությամբ հյուրանոցի կառուցում, Տոնավաճառի հետ կապված նախագիծ կամ այլ ծրագիր, արձագանք է ստացել եւ քննարկման դրվել Հանրային խորհրդում: Կարելի է ասել, որ Հանրային խորհուրդը վերածվել է քաղաքաշինական խորհրդի: Տպավորությունն այնպիսին է, որ նման կազմակերպություններն ուղղակի կերպով ազդում են Հանրային խորհրդի վրա”: