Բաժիններ՝

Ամենախոշոր առևտրի կենտրոնը «Տաշիր»-ինն է

Կենտրոնի նախագծի իրականացման վրա ծախսվել է 120 մլն դոլար: Ընդհանուր մակերեսը 70 հազար քառ. մետր է:

Սանկտ Պետերբուրգի ավելի քան 100 հազար բնակիչ է ներկա եղել օրերս «Տաշիր» ընկերությունների խմբի միջոցներով շահագործման հանձնված «ՌԻՈ» առեւտրա-ժամանցային կենտրոնի հանդիսավոր բացմանը: Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն է ռուսաստանյան հայազգի խոշոր գործարար Սամվել Կաապետյանը: Առեւտրաժամանցային այս կենտրոնի բացումը կատարել են Սանկտ Պետերբուրգի Ֆրունզեի շրջանի ղեկավար Տերենտի Մեշչերյակովը եւ Սանկտ Պետերբուրգում Սլովակիայի գլխավոր հյուպատոս Պետեր Օսվալդը: «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Արտակ Էվոյանը հյուրերին ներկայացրել է ողջ տարածքը: Բացման արարողության ընթացքում համերգ է տեղի ունեցել, որին մասնակցել են ռուսական էստրադայի հայտնի երգիչներ ու խմբեր` «Գորոդ 312», «ԼվՖ-շվ», ինչպես նաեւ` բրազիլական կառնավալային շոու խումբը:

Այս կենտրոնը Սանկտ Պետերբուրգում առաջինն է «Տաշիր» ընկերությունների խմբից, եւ Ռուսաստանի ու Սլովակիայի միջեւ մշակութային ու առեւտրական կապերի զարգացման միջազգային համաձայնագրի իրագործման մի մասն է: Այս նախագծի իրականացման վրա ծախսվել է 120 մլն դոլար: Կենտրոնի ընդհանուր մակերեսը 70 հազար քառ. մետր է: Առաջին անգամ Սանկտ Պետերբուրգում մեկ հարկի տակ կարելի է օգտվել ժամանցի բոլոր տեսակներից` 6 դահլիճներից բաղկացած կենտրոնում նաեւ մեծ սահադաշտ է գործում, այդ թվում` 5D եւ 7D գերժամանակակից կինոթատրոն, մանկական խաղահրապարակ, բոուլինգ, շուտով նաեւ` կոկորդիլոսների ֆերմա կլինի: Կենտրոնի տարածքում կան նաեւ ռեստորաններ ու սննդի հայտնի օբյեկտներ` «McDonald’s», «Tashir Pizza», «Տերեմոկ», «Կրոշկա կարտոշկա», «Subway», «Շոկոլադնիցա», «Cinnabon», «Comedy Cafe», ինչպես նաեւ ընդարձակ ավտոկայանատեղի: Կենտրոնն իր տեսակի մեջ ամենախոշորն է քաղաքում: Հունիսի 15-ի դրությամբ` առեւտրա-ժամանցային կենտրոնի 85 տոկոսն արդեն իսկ վարձակալված էր, իսկ այցելուների օրական հոսքը, կանխատեսվում է, որ կլինի շուրջ 25-40 հազար մարդ: Մասնագետների հաշվարկով` այս հնարավորություններով կենտրոնն իր շինարարական ծախսերը կարող է ծածկել 3-5 տարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս