Եվրադատարանը փոխհատուցման որոշումներ է ընդունել ընդդեմ ՀՀ-ի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն, այսօր` հունիսի 26-ին, երկու վճիռ է կայացրել Հայաստանի քաղաքացիների դիմումներով: Վճիռներից մեկը կայացվել է քաղաքացի Կամո Փիրուզյանի դիմումով: Դատարանը ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (Ազատության իրավունք) խախտման փաստը: Մասնավորապես արձանագրվել է 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերի խախտում, նաեւ խախտում համաձայն կոնվենցիայի 3-րդ հոդվածի (Վատ վերաբերմունք), քանի որ նրան դատարանում պահել են ճաղավանդակի մեջ: Դատարանը 8 հազար եվրո բարոյական փոխհատուցում է սահմանել: Փաստաբանը հայտնեց, որ Կամո Փիրուզյանը մեղադրվում էր սպանության փորձի եւ ավազակային հարձակման մեջ, սակայն մոտ մեկ տարի երկու ամիս կալանքի տակ անցկացնելուց հետո` 2007թ.  մեղադրողը հրաժարվել էր մեղադրանքից եւ նա արդարացվել էր:

ՄԻԵԴ-ը նաեւ վճիռ է կայացրել «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ, ազատամարտիկ  Վարդան Մալխասյանի գործով: Նա 2006թ. դեկտեմբերի 9-ին ձերբակալվել էր եւ դատապարտվել 2 տարվա ազատազրկման Քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով` «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու հրապարակային կոչեր անելու համար»:  Եվրադատարանը կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում է ճանաչել եւ վճռել է որպես բարոյական փոխհատուցում Հայաստանի կառավարությունից գանձել 4,5 հազար եվրո գումար:

Տեսանյութեր

Լրահոս