Google TV հեռուստասարքը դուրս է գալիս ԱՄՆ-ի սահմաններից
Google TV հեռուստատեսային սարքը առաջին անգամ կվաճառվի ԱՄՆ-ի սահմաններից դուրս, հաղորդում է Slash Gear-ը: Google TV-ի առաջին սարքը, որը հասանելի կլինի ամերիկյան տարածքից դուրս, կլինի Sony NSZ-GS7-ը: Հուլիսի 1-ից սկսած՝ սարքը հնարավոր կլինի ձեռք բերել Մեծ Բրիտանիայում, ավելի ուշ ցուցակը կհամալրեն Ավստրալիան, Գերմանիան, Կանադան, Մեքսիկան, Նիդեռլանդները և Ֆրանսիան:
Մեծ Բրիտանիայում Sony NSZ-GS7-ը կարժենա 200 ֆունտ ստեռլինգ (248 եվրո), իսկ մյուս եվրոպական երկրներում՝ 200 եվրո: Ցանկացողները կարող են այն պատվիրել Sony-ի ինտերնետ-խանութում: Հոկտեմբերին ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում վաճառքի դուրս կգա Sony NSZ-GS9-ը, որ թարմ մոդել է՝ ներկառուցված Blu-ray նվագարկչով: Այն կարժենա 300 եվրո:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, հեռուստասարքի հետ տրամադրվում է հեռակառվարման երկկողմ վահանակ. մի կողմում սենսորային պանելն է, որի միջոցով հնարավոր է ցուցիչը տեղաշարժել էկրանի վրայով, իսկ մյուս կողմում ստեղնաշարն է: Վահանակի դերով կարող են հանդես գալ նաև սմարթֆոնն ու պլանշետը:
2010-ին Google TV համակարգերի ներկայացումից հետո մինչ օրս հեռուստասարքերը վաճառվել են միայն Միացյալ նահանգների տարածքում: Google TV սարքերն աշխատւմ են Android օպերացիոն համակարգով: Դրանք թույլ են տալիս հեռուստացույցի հենց անմիջապես էկարնից օգտվել հավելվածներից, աշխատել բրաուզերում, YouTube-ից տեսագրություններ դիտել: Google TV-ի նոր գործընկերներն են դարձել Samsung-ն ու LG-ն: