Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` Սուրբ Էջմիածնում
Հունիսի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Ժողովն ատենապետել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Ժողովին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը անդրադարձել է Վեհափառ Հայրապետի` հունիսի 28-ից հուլիսի 4-ը Ֆրանսիայի հայոց թեմ և օգոստոսի 10-14-ը Ռումինիայի հայոց թեմ կատարելիք հովվապետական այցերին: Ֆրանսիայում` Մարսելում, Նորին Սրբությունը կհանդիսապետի Ս. Թարգմանչաց հայկական եկեղեցու օծման 80-ամյակին նվիրված միջոցառումները, կմասնակցի Հայ Առաքելական Եկեղեցու եվրոպական համագումարին, կունենա պաշտոնական հանդիպումներ: Ռումինիայի հայոց թեմում Վեհափառ Հայրապետը կնախագահի Սուչավայի Սբ. Աստվածածին պատմական վանքի վերաօծման և վանքի հիմնադրման 500-ամյակին նվիրված արարողությունները: Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն ի գիտություն են ընդունել Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի զեկույցը Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունում առկա իրավիճակի մասին և աղոթք բարձրացրել Պատրիարք Սրբազանների և երկու պատրիարքությունների միաբանների համար:Քննարկվել են մի շարք այլ հարցեր ևս: