Թբիլիսիում հայերի կոնֆերանսը գաղտնալսել են (տեսանյութ)
Հունիսի 21-ին «Հին Մետեխի» վրացական հյուրանոցում հայկական կոնֆերանսի ժամանակ թաքցված տեսախցիկ ու գաղտնալսող սարք է հայտնաբերվել: Այն տեղադրված է եղել արհեստական ծաղկամանի մեջ:
Երեկ Վրաստանի հայկական հասարակական կազմակերպությունների անդամները հանդիպել են Վրաստանի ընդդիմության երեք կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Վրաստանի նախագահական ընտրություններին ընդառաջ կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց ծրագրերն են ներկայացրել, քննարկել դրանք հայկական համայնքի անդամների հետ, որից հետո տրվել են հայկական համայնքի համար առաջնահերթ խնդիրների պատասխանները:
Վրաստանի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվել ընդդիմության կուսակցությունների հետ քննարկել հայ համայնքի համար երեք ամենակարևոր հարցերը՝ Հայոց ցեղասպանություն, հայոց լեզվի հարցը Վրաստանում և հայկական եկեղեցիների պահպանությունը:
Կոնֆերանսի ավարտից հետո սրահը մաքրող հավաքարարուհին կազմակերպիչներին տեղեկացրել է, որ ծաղիկներ են մոռացել սրահում: Վրաստանում հայկական ասամբլեայի անդամներից մեկը ծաղկամանից ծաղիկները հանել է և հայտնաբերել նկարահանող սարքը: Հյուրանոցի աշխատակիցների հետ զրույցում պարզ է դարձել, որ կոնֆերանսից երեք ժամ առաջ երեք տղամարդ է եկել հյուրանոց: Ներկայանալով որպես կոնֆերանսի կազմակերպիչներ՝ տղամարդիկ սրահ են մտցրել արհեստական ծաղիկներով ծաղկամաններ: Հետաքրքրական է հատկապես այն հանգամանքը, որ սարքը տեղադրողների դեմքը նույնպես նկարահանել է: Գաղտնալսման պատճառը, ամենայն հավանականությամբ, մինչ կոնֆերանսն ասամբլեայի տարածած այն հաղորդագրությունն էր, ըստ որի, կոնֆերանսի քննարկումների հատվածը փակ էր լինելու լրատվամիջոցների համար:
Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները ևս հրավիրված են եղել կոնֆերանսին, սակայն չեն ժամանել: Միջադեպի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է սկսել: