
Օսկանյանի հարցաքննությունը չի կայացել

Այսօր, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հայաստանի նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը ասել է, թե այսօր` հունիսի 22-ին, ժամը 14.30-ին ԱԱԾ-ում նշանակված հարցաքննությունը չի կայացել: Նա տեղեկացրել է նաեւ, որ հարցաքննությունը տեղափոխվել է հաջորդ շաբաթ, իսկ հստակ օրը հայտնի չէ: Այլ հարցերի ԲՀԿ-ական պատգամավորը չպատասխանեց:
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը։Հատկանշական է, որ քրեական գործը հարուցվել է մայիսի 24-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին հայտարարությունից 1 օր հետո։