Բաժիններ՝

Երևանը կունենա Անրի Վեռնոյի փողոց

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաք: Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ հանդիպման ընթացքում  Տարոն Մարգարյանը նշել է, որ երկու քաղաքների միջև գործակցության առկա ներուժին և զարգացման հեռանկարներին համահունչ՝ ցանկալի է վերանայել համագործակցության համաձայնագիրը.
Երևանի քաղաքապետը Ժան-Կլոդ Գոդենին առաջարկել է նաև Մարսելի քաղաքապետարանի աջակցությամբ ֆրանսիացի գործարարներին ներկայացնել Երևանի ներդրումային դաշտը և առաջարկել նրանց փոխշահավետ ներդրումային ծրագրեր իրականացնել Երևանում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նույն օրը Տարոն Մարգարյանը հանդիպում է ունեցել ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդու` Պատրիկ Մալաքյանի հետ զրույցի ընթացքում Երևանի քաղաքապետ նշել է նաև, որ ներկայում քննարկվում է Երևանում մեծ կինոռեժիսորի անունով փողոց անվանակոչելու հարցը: Իր և ողջ ընտանիքի անունից շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար, Պատրիկ Մալաքյանը նշել է, որ դա իսկապես մեծ պատիվ է իրենց համար և վստահեցրել է, որ իր հնարավորության սահմաններում աջակցելու է Երևանում իրականացվող ծրագրերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս