Սերժ Սարգսյան. «Ես անձամբ վախենում եմ պատերազմից, սակայն չեմ վախենում կռվելուց»
Ֆրանսիական առաջատար France 24 հեռուստաալիքի եթերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության և պատերազմի հնարավոր վերսկսման մասին, ասել է. «Ես անձամբ վախենում եմ պատերազմից, սակայն չեմ վախենում կռվելուց»:
«Անշուշտ հիմա այն վիճակն է, երբ լայնածավալ ռազմական գործողությունները կարող են սկսվել ոչ պլանավորված: Այսինքն` ցանկացած միջադեպ կարող է վերածվել ավելի մեծի, իսկ ավելի մեծը լայնածավալ ռազմական գործողություններն են: Մենք պատրաստ ենք դիմակայելու ցանկացած հարձակման: Մենք պատերազմից վախենում ենք, ես անձամբ պատերազմից վախենում եմ, բայց չեմ վախենում կռվելուց»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարվածությանը` Սերժ Սարգսյանն ասել է, թե հատկապես Հայաստանի համար ամենաանցանկալին նոր սառը պատերազմն է:
«Ամենաանցանկալի բանը նոր սառը պատերազմի սկսվելն է մեզ համար, որովհետև մենք միշտ համադրել ենք Արևմուտքի և Ռուսաստանի շահերը: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ, Եվրոպայի հետ: Այսօր ունենք այդ լավ հարաբերությունները: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ ՆԱՏՕ-ի հետ, Միացյալ Նահանգների հետ: Մենք ունենք ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որը Հայաստանին մեծ օժանդակություն է ցուցաբերում: Մեզ համար, իհարկե, ամենաանցանկալին այդ լարվածության աճն է և պատրաստ ենք մեզնից կախված ամեն ինչ անել լարումից խուսափելու համար»:
Հարցին, թե՝ վստահո՞ւմ եք Վլադիմիր Պուտինին` Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես ինձ շատ կոմֆորտ եմ զգում նրա հետ հարաբերություններում»: