Բաժիններ՝

«Սկոլկովո» նախագծի ներկայացուցիչ. «Մենք պատրաստակամ ենք համագործակցել հայ գիտնականների հետ»

Այս օրերին՝ փետրվարի 6-8-ը, Դաշնային «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության հրավերով  Հայաստանում է գտնվում Ռուսաստանից ժամանած պատվիրակությունը, որի կազմում է նաև «Սկոլկովո» հիմնադրամի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների զարգացման ինստիտուտների համագործակցության ղեկավար Ալեքսանդր Օկունևը: 168.am-ը զրուցել է Ա. Օկունևի հետ:

– Համառոտ կպատմե՞ք,  թե «Սկոլկովո» հիմնադրամն այս կարճ ժամանակահատվածում ինչպիսի արդյունքներ է գրանցել:

– Համառոտ ներկայացնեմ. այսօրվա դրությամբ արդեն մեծ աշխատանքներ են կատարվել նորարարական ընկերություններին «Սկոլկովոյում» ներգրավելու ուղղությամբ: «Սկոլկովո» նախագծում արդեն 80 ընկերություն է ներգրավված՝ հինգ ուղղություններով, դրանք են՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, միջուկային տեխնոլոգիաներ, տիեզերական տեխնոլոգիաներ և էներգաարդյունավետություն: Այս ուղղություններով արդեն «Սկոլկովո» նախագծում ներգրավված են 820 մասնակիցներ: Բացի այդ, ստեղծվել է «Սկոլկովո» տեխնոպարկը, որն ընկերություններին և նախագծի մասնակիցներին առաջակում է մի շարք ծառայություններ և հնարավորություններ՝ ամբողջովին տարբեր, նորարարական և բիզնես գործունեության համար: Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի հետ համատեղ ստեղծվել է նաև «Սկոլկովոյի» գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտը: Ստեղծվել է նաև մտավոր սեփականության կենտրոնը, որն օգնում է նախագծի մասնակիցներին՝ պաշտպանել իրենց գյուտերի բոլոր իրավունքներն և դրանց հետագա զարգացման հնարավորությունները:

– Ինչպիսի՞ն է պետության աջակցությունը՝ նման նորարարական, գիտակրթական կենտրոն ստեղծելու հարցում:

Կարդացեք նաև

– «Սկոլկովո» նախագիծն ամբողջովին ֆինանսավորվում է պետության կողմից: Սակայն հարկ է նշել, որ պետության կողմից նմանատիպ ֆոնդերի ստեղծումը հնարավորություն է տալիս նաև մասնավոր կապիտալ ներգրավել: Պետությունը բյուջեից 7 մլրդ ռուբլի է հատկացրել, որոնք որպես դրամաշնորհներ՝ տրվել են ընկերություններին և նախագծի մասնակիցներին, սակայն նույն կարգի գումար էլ ներգրավվել է մասնավոր հատվածի ֆինանսական աջակցությամբ: Սա այն դեպքն է, երբ մասնավոր ընկերությունները աջակցում են պետական նախագծերին:

– Դրանք բոլորը ռուսակա՞ն մասնավոր ընկերություններ են:

– Ոչ միայն ռուսական ընկերություններ են, այլև միջազգային ընկերություններ և միջազգային վենչուրային հիմնադրամներ են:

– «Սկոլկովոյի» հետ համագործակցում են խոշոր և բավականին հեղինակավոր ընկերություններ:  Ի՞նչ համագործակցություններ են, ի՞նչ ուղղությամբ է համատեղ աշխատանքը տարվում:

– Միջազգային՝ Intel, Microsoft, Cisco, Nokia, Siemens և մի շարք այլ նմանատիպ խոշոր համաշխարհային ընկերություններ, կարելի է ասել՝ հանդիսանում են «Սկոլկովո» նախագծի հիմնական (բանալի) գործընկերները: Դրանց մի մասն աշխատում է հետազոտական տարբեր ուղղություններով, իսկ մյուսները, որքան էլ առաջին հայացքից կասկածելի հնչի, սակայն  աշխատում են առաջիկա 5,10 և գուցե ավելի տարիներին հնարավոր պահանջարկ վայելող արտադրատեսակները պարզելու ուղղությամբ:

– Ո՞րն է Հայաստան գալու  Ձեր այցի նպատակը:

– Նախևառաջ, մեզ Հայաստան  հրավիրել է Դաշնային «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալությունը: Սա մեր առաջին այցն է, սակայն կարծում եմ՝ ոչ վերջինը, քանի որ հայկական գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների համագործակցությունը «Սկոլկովոյի» հետ ակնհայտորեն մեծանում է: Այսինքն՝ այսօր կան «Սկոլկովո» նախագծի  մասնակիցներ, ովքեր ակտիվորեն աշխատում են հայ գործընկերների հետ: Մասնավորապես, մեր պատվիրակության կազմում է մի ընկերություն, որն աշխատում է Բյուրականի աստղադիտարանի հետ՝ տիեզերական ուսումնասիրությունների ուղղությամբ: Ցանկանում եմ նշել նաև «Սկոլկովոյի» և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի հետ մեր համագործակցության մասին: Փոխգործակցության արդյունքում՝ ծրագրվում է համաձայնագիր ստորագրել: ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ներկայացուցիչներն այդ կառույցի ղեկավար Սամվել Հարությունյանի հետ այցելել էին «Սկոլկովո», կարծում եմ՝ մեր փոխգործակցությունն  արագորեն կզարգանա: Բացի այդ, ակտիվ համագործակցություն է ընթանում նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, որը հանդիսանում է ԱՊՀ երկրների միջպետական ինովացիոն ծրագրերի համագործակցության կոորդինատորը: Շատ մեծ աջակցություն է հատկացնում նաև Դաշնային «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության հայաստանյան կենտրոնը: Մեր այս այցը և հանդիպումների,  միջոցառումների շարքը հենց նրանց միջոցով է տեղի ունենում:

– Որոշ հայ գիտնականների խոսքով՝  «Սկոլկովո» նախագծի հետ համագործակցությունը մի տեսակ դժվար է: Նրանց համոզմամբ՝ ավելի արագ են ընթացք ստանում ռուս գիտնականների նախագծերը, քան այլ երկրների գիտնականների հայտերը:  

– Ոչ, չի կարելի ասել, որ արտերկրյա գիտնականների համագործակցությունը «Սկոլկովոյի» հետ դժվար է: Կարծում եմ, տվյալ  դեպքում խնդիրը վերաբերում է  հենց տեղեկատվական դաշտին, այսինքն՝ երբեմն միշտ չէ, որ տեղեկատվությունը բավարար է: Օրինակ՝ Հայաստանի գիտնականների համար խնդիր է, թե ինպես դառնալ «Սկոլկովո» նախագծի մասնակից: Խնդիրը միայն  դրանում է, քանի որ «Սկոլկովոն»  բաց է բոլոր ընկերությունների համար, և ոչ միայն Ռուսաստանից, այլև արևմտյան երկրներից են շատերը մասնակցում «Սկոլկովո» նախագծին՝ անցնելով այն գործընթացը, որը նախատեսված է «Սկոլկովո» ծրագրի կանոններով: Ամենագլխավորն այն է, որպեսզի այստեղ մեր գործընկերները կարողանան բացատրել, թե ինչպես կարող ենք մենք իրենց օգտակար լինել, և ինչպես իրենք կարող են միանալ նախագծին: Մենք բաց ենք և պատրաստ ենք համագործակցել հայ գիտնականների հետ: «Սկոլկովոն»  բաց է ցանկացած երկրի առջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս