Սուրբ Զատիկը դա ուղղակի տոն չէ, այլ քրիստոնեության էությունը, քրիստոնյայի հավատքի հիմքը, այն ամենակարևոր ճշմարտությունը, որ առաքյալներից սկսյալ ազդարարվում է առ այսօր: Քրիստոնյայի համար մեր Տիրոջ Հարությունը մշտական ուրախության աղբյուր, չդադարող մի ցնծություն է, որ իր գագաթնակետին է հասնում Հարության տոնին: Ողջ աշխարհում բոլորին ծանոթ այս հրաշալի իրադարձությունը հեղափոխում է նրանց կյանքը, ովքեր ապրում են նրանով:
Սուրբ Զատկի հաջորդ օրը մեռելոց է, նվիրված հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում Հոգեհանգստյան կարգ՝ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս:
Հինգ տաղավար տոներից Սուրբ Զատիկը քրիստոնյայի կյանքում կարևոր և մեծագույն տոն է: Այն մեծ ուրախությամբ նշվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից ի վեր, որը Քրիստոսի կողմից մեզ պարգևած հաղթանակն է. Նա Իր մահով ջախջախեց մահը: