«Ռուս-թուրքական ամենօրյա խաղերը միշտ ժամանակավոր բնույթ են կրել. Ռուսաստանը «մատ» է ցույց տալու Թուրքիային». Նուբար Չալըմյան

Անցնող շաբաթվա վերջին Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր ասուլիսում հայտարարել էր, որ «Թուրքիան առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով»։

«Մենք հանդես ենք եկել Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ եռակողմ հանդիպում, նույնիսկ քառակողմ հանդիպում անցկացնելու առաջարկով՝ իմ մասնակցությամբ, Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հետ»,- ասել էր Էրդողանը, նշելով, որ մտադիր է այդ հարցը քննարկել Ադրբեջանի նախագահի հետ։

Արդյո՞ք Հայաստանը պետք է ընդունի Էրդողանի այս առաջարկը, Թուրքիայի հետ Արցախի հարցի քննարկումն ի՞նչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ հենց Արցախի համար։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանը խոսելով այս հարցերի մասին՝ նշեց՝ եթե հաշվի առնեն այն հանգամանքը, որ բավականին լավ հարաբերություններ են ձևավորվել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, հատկապես երկու երկրների ղեկավարների միջև, կարելի է ասել՝ ընկերական, այս պահի դրությամբ, որովհետև ռուս-թուրքական հարաբերություններում միշտ ելևէջներ եղել են, լավ ու վատ պահեր։

Կարդացեք նաև

«Հիմա լավ պահեր են իրենք ապրում, և այս շրջանում երկու երկրներին գումարվում է  նաև երրորդ կողմը՝ հանձին Ադրբեջանի, որպեսզի այդ երեք երկրները կարողանան ճնշում բանեցնել Հայաստանի վրա։

Մենք այդպես էլ չիմացանք, թե կոնկրետ այդ քառակողմ հանդիպման իրական օրակարգը ո՞րն է, բանակցությունների թեմատիկան ո՞րն է։ Կարծում եմ՝ խոսքը վերաբերելու է չարաբաստիկ «Զանգեզուրի միջանցք» կոչվածին։ Այստեղ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը համընկնում են, մի բան, որը Հայաստանի համար եղել է ու կմնա «կարմիր գիծ»։ Չեմ կարծում, թե Հայաստանը համաձայնի՝ իր վրա ճնշումներ բանեցնելու ճանապարհով համաձայնություն տա այդ միջանցքն օգտագործելու կամ բացելու համար։

Ինչ վերաբերում է Արցախի հարցի վերջնական լուծմանը, ապա հայկական կողմն այդ  քառակողմ հանդիպմանն ասելու է, որ՝ թող Արցախի ներկայացուցիչները բանակցություններ վարեն Բաքվի ներկայացուցիչների հետ»,- նշեց Նուբար Չալըմյանը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում Թուրքիայի ներկայության ամրապնդմանը և մեծ ազդեցություն սահմանելու ձգտումներին, մեր զրուցակիցը նկատեց՝ ճիշտ չեն գնահատականները, երբ ասվում է, որ Թուրքիան տարածաշրջանում ազդեցիկ դիրքեր է գրավում, քան Ռուսաստանը։

«Միևնույն է՝ Ռուսաստանն այս տարածաշրջանը չի թողնելու, չի հեռանալու այստեղից։ Գալու է մի պահ, որ Ռուսաստանը «մատ» է ցույց տալու Թուրքիային։ Զգուշացնելու է, որ ինչքան էլ նա ցանկություն ունի Ադրբեջանի միջոցով տարածաշրջանում գրավել գերիշխող դիրք, այդուհանդերձ Հարավային Կովկասն իր ազդեցության ներքո է լինելու։ Ռուսաստանը գուցե համակերպվի, որ Թուրքիան իր ազդեցությունն ունենա Ադրբեջանի վրա, ավելին, քան կա, մեր այս հատվածը միայն Ռուսաստանինն է, եթե, իհարկե, իրավիճակը կտրուկ չփոխվի, ասենք, ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում»,- ընդգծեց Նուբար Չալըմյանը։

Միաժամանակ նա ասաց, որ իրավիճակը մեկ ակնթարթում կարող է փոխվել ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում, որքանով հայտնի է՝ հօգուտ Ռուսաստանի իրադարձություններ չեն կատարվում այսօր։

«Այդուհանդերձ ռուս-թուրքական ամենօրյա խաղերը միշտ ժամանակավոր բնույթ են կրել՝ եղել են մակընթացություններ, երբ իրենց շահերը համընկել են, ուրիշի հաշվին իրենք համագործակցել են, երբ չեն կարողացել համագործակցել, արդեն հակադրության մեջ են մտել միմյանց հետ։ Երկու երկրների հարաբերությունները միշտ էլ այդպես են եղել, նույնիսկ 20-րդ դարի տարբեր պատմական փուլերում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ու հետո»,- եզրափակեց Նուբար Չալըմյանը։

Տեսանյութեր

Լրահոս