Խոնարհ անձնավորությունը հիշաչար չէ: Նա որևէ մեկին չարություն չի ցանկանում, նույնիսկ նրանց, ովքեր իրեն վատություն, չարություն են պատճառել: Խոնարհ մարդը բարեհամբույր է, խելամիտ ու հեռատես բոլոր քայլերում: Եթե մարդն իսկապես խոնարհ է, նա ձգտում է փոխվել և ավելի մոտենալ Աստծուն: Խոնարհը գոհ է ամեն ինչում, և երջանիկ է այն ամենով, ինչ Աստված իրեն ուղարկում է: Նա ցավում է բոլոր նրանց համար, ովքեր չեն տեսնում իրենց իրական մեղավոր հոգեվիճակը և չեն ձգտում փոխվել: Եվ Տիրոջ խաղաղությունն ու ներդաշնակությունն է տիրում այնտեղ, որտեղ անկեղծ հավատքն ու վստահությունն է առ Աստված:
Ժամանակակից տեղեկատվական աշխարհում, երբ առօրյա զբաղվածությունը, աշխատանքն ու իրադարձությունները սրընթաց թափանցում են անհատի կյանքն ու կլանում նրա ժամանակը, մարդկանց համար ամեն օր եկեղեցի հաճախելը, ժամերգությանն ու աղոթքին մասնակցելը դառնում են դժվարին: