«Եղան նաև սուտ մարգարեներ ժողովրդի մեջ, ինչպես որ այժմ էլ ձեր մեջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք, սպրդեցնելով, կորստաբեր հերձվածներ են ներմուծելու և ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու» (Բ Պետր. 2.1):
Քրիստոսի առաքյալների հատկանշական համեմատություններ կան հինկտակարանյան իրողությունների հետ: Հրեական տասներկու նահապետները` Հակոբի որդիները, որոնցից սերվեց հրեա աստվածընտիր ազգը, նախօրինակներն էին Քրիստոսի տասներկու առաքյալների, որոնց քարոզչությամբ քրիստոնյա դարձան բազմաբյուր մարդիկ` որպես Աստծո ընտրյալ ժողովուրդ: Հրեաները դուրս եկան Եգիպտոսից և անցնելով Կարմիր ծովով` եկան անապատ, այնուհետև հասան Եղիմ, ուր կային ջրի տասներկու աղբյուր և յոթանասուն արմավենի (Ելք 15.27), և կարողացան այնտեղ հանգստանալ:
Աղանդը եկեղեցուց տարբերվում է նրանով, որ Աստվածաշնչից դուրս է բերում առանձին գաղափար, կտրում կոնտեքստից և իրենց համար այն դարձնում հավատքի առկայության խորհրդանիշ և դրա շուրջ իր քաղաքականությունը կառուցելու հետևանքով սկսում տարբերվել Եկեղեցուց ու այլ աղանդներից: