Հայաստանի «բերմուդյան եռանկյունին». Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Անկարայում ավարտվեց ՆԱՏՕ գագաթնաժողովը: Դատելով հայտարարություններից, այդ գագաթնաժողովի ընթացքում հաջողվել է այսպես ասած հաղթահարել Թրամփի քաղաքականությամբ թելադրվող պառակտումն ու ներկայանալ միասնական քաղաքականությամբ:

Դա իրապե՞ս այդպես է, թե՞ առերեւույթ տպավորություն է, պայմանավորված մի շարք տակտիկական հանգամանքներով: Սա բարդ է ասել: Անձամբ ես կարծում եմ, որ այդուհանդերձ այդ թվացյալ միասնականությունը տակտիկա է, որը ենթակա է լինելու փոփոխության 2026-ի վերջին, կամ՝ արդեն 2027-ին:

Այդ իմաստով, արձանագրելով իհարկե Թուրքիայում գագաթնաժողովի հույժ կարեւորությունը, նկատեմ, որ այնտեղ տեղի ունեցածից մեզ համար թերեւս առավել նշանակալին այն համաձայնագիրն է, որ պաշտպանական գործակցության վերաբերյալ ստորագրել են Լոնդոնն ու Անկարան, որը ներառում է ընդհուպ համատեղ պաշտպանություն: Այդ համաձայնագիրը իհարկե որեւէ ուղիղ հղում չի պարունակում Շուշիի հռչակագիր կոչվածին, որ 2021 թվականին ստորագրեցին Ադրբեջանն ու Թուրքիան՝ որը նույնպես ենթադրում է համատեղ պաշտպանություն, բայց փաստացի ստացվում է յուրօրինակ եռանկյունի՝ թուրք-բրիտանա-ադրբեջանական անուղղակի «համատեղ պաշտպանական եռանկյունի»:

Իսկ այստեղ, մինչ դիտարկելը Ռուսաստանի եւ Իրանի հնարավոր վերաբերմունքը, պակաս կարեւոր չէ նաեւ հասկանալ, թե սրան ինչպես է վերաբերելու մեր բարեկամ Ֆրանսիան՝ Մակրոնով, թե՞ առանց Մակրոնի: Արեւանին ակնոցներով Թուրքիա մեկնած Մակրոնը վարդագու՞յն է տեսել «թուրք-թյուրքական աշխարհը», թե՞ չի տեսել առհասարակ: Բայց, Ֆրանսիայի եւ Մակրոնի տեսողությունները՝ ըստ իս, ամենեւին նույնական չեն, այդուհանդերձ: Համենայն դեպս, ինքս հուսով եմ, որ Մակրոնը անցողիկ է, իսկ Ֆրանսիան՝ մնայուն:

Հույսս ամենեւին այն չէ, որ «մնայուն Ֆրանսիան» Հայաստանի ստահելի «փրկիչ» է: Ավելին, «մնայուն Ֆրանսիան» եւս խիստ զգայուն է լինելու այդ թվում Կովկասի ուղղությամբ վերը նշածս «համատեղ պաշտպանական եռանկյունու» ձեւավորման հանդեպ: Այլ հարց է սակայն, թե ինչ եզրակացություններ եւ քայլեր են բխելու դրանից: Որովհետեւ աներկբա չէ իհարկե, որ այդ եզրակացությունների ու քայլերի դիապազոնը բարձր աստիճանով համադրելի է լինելու Հայաստանի շահին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031